Երեկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Արաբկիրում անցյալ տարվա մայիսի 12-ին կատարված 23-ամյա Խաչիկ Մկրտչյան սպանության գործով դատական նիստը:
Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ» օրաթերթը, այս նիստում որպես վկա ցուցմունք է տվել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի նախագահ, Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանը:
Այս գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև Հովհաննես Շահինյանի քրոջ որդին, ով սկզբում ընդունել էր իր մեղքը, որով նրան սպանության մեղադրանք էր առաջադրվել, սակայն հետո հրաժարվել էր իր ցուցմունքներից: Դրա արդյունքում գործում շրջադարձ է եղել. մեղադրանք է առաջադրվել միջադեպի այլ մասնակցի` Վռամ Բաղդասարյանին, ով չի ընդունում մեղադրանքը և հրաժարվում է ցուցմունք տալ: Գործը հասարակական և քաղաքական հնչեղություն է ստացել, քանի որ քննության ժամանակ պաշտոնական լիազորությունները չարաշահելու միջոցով տվյալների ու ապացույցների խեղաթյուրում թույլ տալու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատվել է պաշտոնից և կալանավորվել:
Հովիկ Շահինյանը նախաքննության ժամանակ ցուցմունք էր տվել, որ միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, թե ինքն է սպանել: Նախորդ շաբաթ «Հրապարակի» խմբագրություն դիմած Բաղդասարյանի ծնողները պնդել են, որ իրենց որդու վրա ուզում են բարդել սպանությունը, որ Վռամը թեև մասնակցել է «ռազբորկային», սակայն ինքը չի կատարել սպանությունը, քանի որ իր մոտ չի եղել այն զենքը, որի կրակոցից մահացել է 23-ամյա երիտասարդը:
Նշենք, որ գործում կատարված շրջադարձից ու սպանության մեղադրյալի փոփոխությունից հետո Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասով` սպանություն, որը պատժվում է ազատազրկմամբ 8-15 տարի ժամկետով կամ ցմահ բանտարկությամբ:
Երեկ դատարանում Հովիկ Շահինյանը կրկնել է, թե միջադեպի մասնակից Վռամ Բաղդասարյանն իրեն ասել է, որ ինքն է կրակել, ու Շահինյանը հորդորել է հանձնվել:
Օրաթերթի փոխանցմամբ, դատարանում պարզվել է, որ կրակոցները հնչել են Հովիկ Շահինյանին պատկանող մեքենայից: Դատավորի հարցին, թե հնարավոր է Ձեր մեքենայի մեջ զենք է եղել, Շահինյանը պատասխանել է` ոչ, դա անհնար է: Դատապաշտպաններից մեկը հիշեցրել է, որ ամբաստանյալներն ասել են, թե այդ մեքենայի «բարդաչոկից» զենք են հանել` «երեք ատրճանակ ցելաֆոնի մեջ», և դրանցով կրակել: Հովիկ Շահինյանն ի պատասխան ասել է, թե տեղյակ չէ այդ մասին: