Հայաստանում բժիշկները իրենց հիվանդներին ներմուծված և ոչ թե տեղական արտադրության դեղեր են նշանակում, քանի որ բավարար չափով տեղեկացված չեն հայրենական արտադրության դեղամիջոցների մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս մասին ասել է Դեղագործների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Նա նշել է, որ այս խնդրի ուղղությամբ տարվող աշխատանքներից մեկն էլ նոր լույս տեսած «Ֆարմա» ամսագիրն է, որը բաժանվելու է բժշկական հաստատություններին, և որտեղ կա բազմապիսի տեղեկատվություն հայկական դեղերի, ինչպես նաև տարբեր գիտական աշխատությունների մասին:
«Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագիր, GXP գերազանցության կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ հայկական արտադրության դեղամիջոցները լիովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին:
«Հայաստանում արտադրում են գրեթե բոլոր դեղաձևեր` սկսած ստերիլ դեղաձևերից, հեղուկ դեղաձևերից, վերջացրած կարծր դեղաձևերով: Հայաստանում գործում են 14 դեղագործական ընկերություններ, որոնք հիմնականում այս պահին, բացի ներքին սպառումից, արտահանումներ են իրականացնում ԱՊՀ երկրներ»,- ասել է նա:
Սամվել Զաքարյանը, խոսելով կեղծ դեղերի խնդրի մասին, նշել է, որ Հայաստանում դրանց չափը բավական քիչ է շատ երկրների համեմատ: Սակայն, ըստ բանախոսի, այս ոլորտում նույնպես անհանգստանալու առիթներ են հայտնվել:
«Վերջերս Հայաստանի կառավարությունն ընդունել է մի կանոնակարգ, որով թույլ է տալիս փոփոխված փաթեթավորումներով երրորդ երկրներից դեղեր ներմուծել Հայաստան, ինքը խիստ անհանգստացնող փաստ է: Մենք դիմել ենք մի շարք պետական կառույցներ, որպեսզի այդ կանոնակարգը չեղյալ համարվի»,- ասել է նա:
Այս հարցում, ըստ բանախոսի, վտանգը կայանում է նրանում, որ տեսականորեն և գործնականում կեղծ դեղերի քանակը ավելանում է մեր երկրում:
«Ենթադրվում է, որ սա մոնոպոլիայի դեմ է գործելու, բայց, ի տարբերություն այլ ոլորտների, դեղերի ոլորտը այդպես չի գործում ամբողջ աշխարհում: Այն նորույթը, որը մեր կառավարությունը փորձում է ներդնել, միակն է աշխարհում, որովհետև դա ընդունված կարգ չէ դեղերի ոլորտը կարգավորելու և աշխատացնելու»,-պարզաբանել է Զաքարյանը: