Ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստը խափանել է մինչև Եվրո-2012-ի մեկնարկը ժամերը հաշվող ժամացույցի բացման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունեցել Կիևում հունիսի 7-ին:
Այս մասին հայտնում է շարժման բլոգը:
Ուկրաինայի քաղաքապետարանի պաշտոնյայի բացման խոսքի ժամանակ FEMEN-ի ակտիվիստը մրցավարի համազգեստով, սուլիչով, կարմիր քարտով և մերկ կրծքով պահանջել է «դաշտից» հեռացնել միջոցառման կազմակերպիչներին: Աղջկա թիկունքին անգլերենով գրված է եղել` «Եվրո -2012-ն առանց մարմնավաճառության»:
Այսպես է անցել FEMEN կանանց շարժման «Red card» (կարմիր քարտ) ակցիան: FEMEN շարժումը կոչ է անում իշխանություններին մինչ Եվրո-2012 ֆուտբոլային մրցաշարի մեկնարկը առավել խիստ միջոցառումներ ձեռնարկել Ուկրաինայում սեքս ինդուստրիայի դեմ պայքարի հարցում: Մասնավորապես, FEMEN-ը պահանջում է քրեականացնել սեռական ծառայություններից օգտվողների գործողությունները, և Ուկրաինայում «persona non grata» հայտարարել միջազգային սեքս-հանցագործներին:
«Եվրո-2012-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքում պետությանն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել միջոցառման ոչ թե տեխնիկական, այլ սոցիալական հարցերին, այնպիսին, ինչպիսին է մարմնավաճառությունը, սեքսուալ-տուրիզմը, ՁԻԱՀ-ը: Հակառակ դեպքում, եվրո-մրցաշարը Ուկրաինան կդարձնի «եվրո-հասարակաց տուն»: Եվրո-2012 մրցաշարի ընթացքում Ուկրաիանան ակնկալում է մոտ 200,000 ֆուտբոլային երկրպագուներ հյուրընկալել: Վճարունակ տղամարդկանց նման հոսքը անխուսափելիորեն կհանգեցնի մարմնավաճառության և ուկրաինուհիների այլ տիպի բարոյական և ֆիզիկական նսեմացման աճին: Անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով լուծել այդ խնդիրը: Եթե պետությունը հստակ քայլեր չձեռնարկի այս ուղղությամբ, այսօրվա եվրո-ժամացույցը կսկսի հաշվել ոչ միայն ֆուտբոլային տոնի մեկնարկի ժամերը, այլ նաև Ուկրաինայում հումանիտար աղետի սկիզբը»,- հայտարարել է բողոքի ակցիայի մասնակից Նադեժդա Մոպեդովան: