Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած ռուսերենի իմացությանը` Գարեգինն ու Իլիան շփվել են թարգմանչի օգնությամբ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չնայած ռուսերենի իմացությանը` Գարեգինն ու Իլիան շփվել են թարգմանչի օգնությամբ

Նախօրեին Հայաստան-Վրաստան սահմանի անցակետից դուրս գալուց հետո Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին` մեծ պատվիրակության ուղեկցությամբ,   դիմավորել է Վրացյո Պատրիարք Իլիա Երկրորդը: Հանդիպումը սկսվել է ընկերական ձեռքսեղմումով և մի քանի արտահայտությունների փոխանակմամբ: Թեև երկու հոգևոր առաջնորդներ էլ տիրապետում են ռուսերենին, շփումը տեղի է ունեցել թարգմանչի օգնությամբ:

Վեցօրյա այցի ընթացքում Գարեգին Բ-ն մտադիր է այցելել Թբիլիսիի և հայաբնակ Ջավախքի հայկական և վրացական եկեղեցիներ: Անցած 100 տարիների ընթացքում նրա նախորդներին նման հնարավորություն տրված չի եղել:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտարարել է, որ ժամանել է Վրաստան Իլիա Երկրորդի և տեղի հայ համայնքի հրավերով. «Ուրախ ենք, որ մեզ հնարավորություն է ընձեռնվել ձեզ հետ աղոթել մեր ազգերի և ապագա սերունդների համար: Մենք պետք է ամրապնդենք մեր քրիստոնեական, եղբայրական սերը, ինչպես նաև մեր Միակ Աստծու նկատմամբ հավատը»:

Երեկոյան Հայոց Կաթողիկոսին Իլիա Երկրորդի ներկայությամբ ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով նշել է, որ Գարեգին Բ-ի այցն ավելի կամրապնդի պատմական, բարեկամական հարաբերությունները երկու ազգերի միջև:

Ջերմ ընդունելությունը հայ հոգևորականների կողմից ընկալվել է որպես խոստումնալից նշան: Վրաստանում հայկական թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը հույս ունի, որ Թբիլիսիի 5 և Ախալցխայի 1 եկեղեցու հայկական թեմի վերահսկողության տակ անցնելու վերաբերյալ հարցը դրական լուծում կստանա: «Որոշ չլուծված հարցեր կան, որոնք խանգարում են մեր ազգերի և եկեղեցիների փոխհարաբերություններին: Հույս ունենք, որ պատրիարքները կկարողանան լուծում գտնել, և մենք կզբաղվենք այդ որոշումները կյանքի կոչելով»:

Նշված եկեղեցիները փակվել էին դեռևս խորհրդային տարիներին: Դրանք չեն գործում մինչ օրս: Օրենքով այդ եկեղեցիները գտնվում են վրացական պատրիարքության վերահսկողության տակ, որը համարվում է Վրաստանի եկեղեցական ողջ սեփականության միակ իրավահաջորդը: Մի քանի տարի առաջ Էջմիածինը պաշտոնապես առաջարկեց սկսել ծեսեր իրականցնել այդ եկեղեցիներում: Վրացական կողմը հայտարարեց, որ նախ պետք է որոշել այդ եկեղեցիների պատմական պատկանելությունը, պարզել` արդյո՞ք դրանք իրոք հայկական են:

ԱՄՆ Պեդեպի Կրոնական ազատությունների վերաբերյալ ամենամյա զեկույցում ասվում է, որ Հայ Առաքելական եկեցին վիճարկում է նաև նվազագույնը 30 այլ եկեղեցիների կարգավիճակը:

Նույն զեկույցի համաձայն` Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները հայտարարում են, որ Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում լուծել սեփականությանը վերաբերող հարցերը` վախենալով Վրացական Ուղղափառ եկեղեցուց: