«Մենք չենք կռանում երթուղայինում» քաղաքացիական նախաձեռնությունը շուտով մեծ թափով կսկսի բազմապիսի ակցիաները` ուղղված երևանյան երթուղայինների խնդրին:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Facebook սոցիալական ցանցում «Մենք չենք կռանում երթուղայինում» խումբ է ստեղծվել, որն արդեն այժմ ունի մոտ 170 անդամ:
Նախնական շրջանում խմբի անդամները գրում էին, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, և սկզբնական փուլում անհրաժեշտ են լինելու կռացած ուղևորներով լի և կռանալու պրոցեսը պատկերող ֆոտոներ և տեսանյութեր, ինչը լայն արձագանք գտավ ֆեյսբուքի օգտատերերի շրջանում:
Epress.am-ը զրուցել է խմբի նախաձեռնող խմբի անդամ, «Հիմա» երիտասարդական նախաձեռնության ներկայացուցիչ Հակոբ Արշակյանի հետ, ով ներկայացրել է առաջիկա անելիքները:
«Մենք արդեն հանդիպում ենք ունեցել խմբի ակտիվ մասնակցիներից 25-30 հոգու հետ, քննարկվել և առաջարկվել են բազմապիսի ակցիաներ, ինչպես, օրինակ, մայկաների վրա տպել` «Մենք չենք կռանում երթուղայինում» և զբոսնել քաղաքով ու հատկապես ավտոբուսի կանգառներով, քաղաքում տարաբնույթ պաստառներ փակցնել, ակցիա կազմակերպել, որի ընթացքում մենք կմոտենանք կանգառների տարածքում ծառայություն իրականացնող ոստիկաններին, և կհարցնենք` ինչով է պայմանավորված նրանց անտարբերությունն այն ժամանակ, երբ մի «Գազելը» 60 հոգի է տեղափոխում»,- մեկնաբանել է ակտիվիստը:
Նա պարզաբանել է, որ վերջին ակցիայով իրենք ոչ թե ուզում են վնասել վարորդներին, որ նրանք տուգանք վճարեն, այլ նաև ոստիկաններին ասել, որ կան այս խնդրով հետևողականորեն հետաքրքրվող մարդիկ:
«Իսկ վարորդները մեզ պես հասարակ քաղաքացիներ են, նրանք էլ են տուժածներ, որ մտածում են` ոնց անեն, որ օրվա վերջին համապատասխան գումարը հասցնեն գծի տերերին»,- ասել է Արշակյանը:
Արշակյանը նշել է նաև, որ Facebook սոցիալական ցանցում ստեղծված ևս մի խմբի հետ են համագործակցելու:
«Հավանաբար, այդ խմբի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա չորեքշաբթի», – ասել է Արշակյանը:
Նշենք, որ խումբը կոչվում է «Ես ոչխար չեմ»:
Վերջինիս խոսքով` իրենք պատրաստվում են նաև տարբեր նամակներ գրել համապատասխան մարմիններին, «ուղղակի պայթեցնել բոլոր թեժ-գծերն ու էլեկտրոնային փոստերը»:
«Մենք հասկանում ենք, որ տվյալ պաշտոնյաները իրենց կարծիքը չեն փոխելու նամակներ ստանալով, և մեր այս նախաձեռնությունը ավելի շատ ուղղված է հասարակական գիտակցության բարձրացմանը: Նման կերպ մարդիկ գոնե կսկսեն իրենք բողոքել, պայքարել իրենց իրավունքի համար, երթուղային չեն նստի, եթե այնտեղ նստելու տեղ չի լինի»,- նշել է մեր զրուցակիցը: