Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, BBC-ի ռուսական ծառայության հետ զրույցում հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք ուրախ կլինենք, եթե մեր թուրք գործընկերները նույնպես հանգեն հենց այդպիսի եզրակացության, որ 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը նոնսենս է»,-ասել է Սարգսյանը:
Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Թուրքիան կշարունակի գործել 2009 թվականին ստորագրված արձանագրությունների շրջանակներում, որտեղ նշվում էր, որ երկու երկրները պետք է նորմալ հարաբերություններ հաստատեն:
«2009 թվականին Թուրքիայի և Հայաստանի ԱԳ նախարարները իրենց ստորագրությունները դրեցին երկու փաստաթղթերի վրա`«Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն» և «Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրություն», սակայն իրական քայլեր չհետևեցին արձանագրություններին և շուտով երկրների միջև հարաբերությունները վատթարացան:
Երևանի և Անկարայի միջև հիմնական տարաձայնությունը 1915 թվականի դեպքերին տրվող գնահատականն է: Հայաստանը նշում է, որ Օսմանյան կայսրության կողմից հայերի արտաքսումն ու սպանությունը Ցեղասպանություն է:
Բազմաթիվ տարիների ընթացքում Հայաստանը համապատասխան քաղաքականություն է վարել, որպեսզի ապացուցի, որ կատարվածը ցեղասպանություն է եղել: Ներկայումս համապատասխան փաստաթղթերն ընդունված են ավելի քան 20 երկրներում: Թուրքիան հերքում է մեղադրանքները և ավանդաբար հիվանդագին է արձագանքում Երևանի դիրքորոշմանը սատարող տարբեր երկրների կողմից հնչեցվող քննադատություններին»,-հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: