Home / Հայաստան / «Հայասա» համույթում անշահախնդիր են աշխատում. պատասխան կաթողիկոսի եղբոր մասին նամակին

«Հայասա» համույթում անշահախնդիր են աշխատում. պատասխան կաթողիկոսի եղբոր մասին նամակին

Ռուսաստանում գործող «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնի տնօրինությունը (տնօրեն Հմայակ Գևորգյան) համարում է, որ հունիսի 10-ին և 16-ին հայկական ԶԼՄ-ներում տարածված և մոսկվայաբնակ Արսեն Մարգարյանի անունով ստրոագրված նամակները «անհիմն և դատարկ զազրախոսություն են»: Այս մասին ասված է կենտրոնի տարածած հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Արսեն Մարգարյանն իր նամակում պնդում էր, որ խոշոր ռուսաստանյան գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Հայրապետյանը մեծ գումարներ են ծախսում թեմի վերահսկողության տակ գտնվող «Հայասա» պարային համույթի գործունեության ապահովման համար, սակայն անսամբլի մասնակիցները աշխատանքի ողջ ընթացքում երբեք չեն ստացել իրենց աշխատավարձերը: Մարգարյանի խոսքով, այս տեղեկության հրապարակումից հետո Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տ.Եզրասի կարգադրությամբ անսամբլի անդամներին իրենց մոտ են կանչել բարձրաստիճան հոգևորականի ենթակաները և աղջիկների հետ բացատրական զրույց են ունեցել`պարզելու համար, թե ով է մամուլին հայտնել Ամենայն հայոց Կաթողիկոսի եղբոր` Եզրասի և նրա մտերիմների կողմից անսամբլի գումարները գրպանելու մասին լուրերը:

« Հայորդյաց տուն» կենտրոնը, որին կից գործում է «Հայասա» համույթը հայտարարության մեջ նշում է, որ հետամուտ է եղել գտնելու Արսեն Մարգարյանին, սակայն վերջինիս նամակում նշված հեռախոսահամարը գոյություն չունի, ինչպես գոյություն չունի նման անունով մարդ: Հայտարարության  հեղինակները նամակը տարածողին անվանում են « խավարամիտ», իսկ նրա տարածած լուրերը՝ «ստահոդ»:

Կենտրոնի տնօրինության պնդմամբ՝ «Հայորդաց տուն»-ը «հայանպաստ ակտիվ գործունեություն է ծավալում ռուս միջավայրում»:

«Այն դարձել է մի նոր աղավնատուն ռուս միջավայրում ծնված ու մեծացած հայ մանուկների համար: Այս ամենն, իհրակե, Տ.Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի անձանձիր աշխատանքի արդյունքն է, ում որպես ազնիվ ու արդարամիտ  հոգևորականի թև ու թիկունք են հոգևոր դասն ու Ռուսաստանի մեծազնիվ բարերարները», – նշված է հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է «Հայասա» համույթին, ապա կենտրոնի տնօրինության խոսքով՝  «Հայասայում» հայկական ազգային պարն անվճար ուսանում են  հենց  կենտրոնի սաները:

«Նրանց բազմաթիվ բեմական հագուստները և շրջագայությունների ծախսերը հոգում են հայ մանուկների ապագայով մտահոգ բարերարները: Ոմանց համար ընկալելի չէ անշահախնդիր աշխատելու ու նվիրվելու ձգտումը և փորձեր են անում խարդախություն գտնել այնտեղ, որտեղ միայն պարզ, մարդկային սիրո վրա կառուցված սան-ուսուցիչ հարաբերություններ են», – ասված է հայտարարության մեջ: