Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուի կարծիքով` հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` Կազանում նախատեսված հանդիպման արդյունքների հետ: Այս մասին Մեւլութ Չավուշօղլուն ասաց Ստրասբուրգում այսօր հրավիրած ասուլիսում` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջեւ նախատեսված հանդիպումից:
«Ես բոլորից շատ եմ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն [հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին] համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որևէ մեկը ոչ կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը», – հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Մեւլութ Չավուշօղլուն ասաց, թե այս հարցը ուղղակիորեն կապված է Կազանում կայանալիք հանդիպման արդյունքների հետ:
«Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին. ապա դա ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ` արդյոք եթե երկու ղեկավարների միջեւ կլինի համաձայնագիր», – նշեց ԵԽԽՎի-ի` ազգությամբ թուրք նախագահը: – «Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ [հայ-թուրքական] արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»:
Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք արդար է հայ-թուրքական հարաբերությունները կապել ղարաբաղյան խնդրի հետ` Չավուշօղլուն ասաց, թե Թուրքիայի և Հայաստանի միջև այս առնչությամբ բանավոր համաձայնություն է եղել:
«Այդ համաձայնությունը հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների կողմից, ովքեր ներկա են եղել, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Հաստատվել է, որ դա համաձայնագիր է երկու կողմերի միջեւ, եւ որ կան պայմաններ, թեեւ, իհարկե, փաստաթղթում դրանք չկան: Բայց նախապայմաններ կան: Եվ դուք գիտեք այդ նախապայմանների մասին», – եզրափակեց ԵԽԽՎ-ի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն:
Ավելի ուշ հրավիրած ասուլիսում Չավուշօղլուն անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծմանն ու դրա գործունեությանը: Նա ասաց, թե Վեհաժողովը «չի կարող գոհացնել անդամ բոլոր երկրներին, բայց բոլորը պարտավորվել են կատարել Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերն ու առաջարկությունները»:
«Այս ենթահանձնաժողովի նպատակն է` կենտրոնանալ մարդու իրավունքների խնդրի վրա, ինչպես նաեւ խորացնել կամ զարգացնել երկխոսությունը երկու երկրների պատվիրակությունների միջեւ: Վեհաժողովը վատ մտադրություն չունի, այն չի վնասում եւ վտանգի չի ենթարկում Մինսկի խմբին կամ Կազանում երկու ղեկավարների միջեւ հնարավոր համաձայնագրին: Սա ուղղակի աջակցություն է: Սա ազգությամբ թուրք նախագահի նախաձեռնությունը չէ: Ինձ մեղադրել են ձեր պատվիրակության անդամները, նաեւ մամուլը, որ սա իմ նախաձեռնությունն է: Բայց սա իմ նախաձեռնությունը չէ. այն Խորհրդարանական վեհաժողովինն է, եւ սա իմ ազգության հետ որեւէ կապ չունի», – հայտարարեց Չաուշօղլուն:
Այսօր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ բոյկոտում է Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պատվիրակությունը չի պատրաստվում մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին, քանի որ դա համարում են «բացարձակ անարդյունավետ»:
«Թեև նախորդ նիստի ժամանակ մենք ներկայացրել էին մեր դիրքորոշումը ամենայն մանրամասնությամբ, այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահը հրավիրել է մեզ հանձնաժողովի նիստին եւ այսօրվա իմ ելույթը նվիրված էր մեր արձագանքին այդ հրավերին: Մեր արձագանքը հետեւյալն է` մեր դիրքորոշումը չի փոխվել եւ մենք չենք մասնակցում: Եթե նրանք ցանկություն ունեն շարունակելու հանձնաժողովի աշխատանքը, ապա թող շարունակեն առանց մեզ», – հայտարարեց Հարությունյանը` հավելելով, որ հայկական կողմը միակողմանիորեն հայտարարել է մորատորիում, համաձայն որի այլեւս որեւէ մեղադրանք չի հնչեցվելու Ադրբեջանի հասցեին:
Հայկական պատվիրակությունը նույն առաջարկով դիմել է նաեւ ադրբեջանական պատվիրակությանը, սակայն վերջինս մերժել է, եւ այսօր մեկնարկած ԵԽԽՎ-ի ամառային նստաշրջանում ադրբեջանցի պատվիրակը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Լուսանկարը` azatutyun.am-ից