Հունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև Կազանում կայանալիք հանդիպումից հետո անխուսափելիորեն հիասթափություն է ի հայտ գալու, քանի որ պետք չէ ակնկալել, որ Երևանն ու Բաքուն հանկարծ ինչ-որ աներևակայելի բան կանեն, որը կտրուկ կտարբերվի նրանց նախկին դիրքորոշումներից: Այս մասին vesti.az-ի հետ զրույցում հայտարարել է «Տրիալոգ» միջազգային ակումբի նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովը:
Բացի դա, ըստ փորձագետի, Հայաստանը կապված է նաև Ղարաբաղի հայ առաջնորդների դիրքորոշման հետ, որն այն պարզապես չի կարող անտեսել. «Չի բացառվում նաև այն, որ որևէ համաձայնության հասնելու հնարավորության դեպքում անգամ Ղարաբաղը կարող է խոչընդոտել գործընթացը և չընդունել փաստը»:
Պոլիկանովը նշել է, որ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է ղարաբաղյան թեման: «Ցանկացած զիջումների դեպքում ընդդիմությունը չի հապաղի իշխանությունից հաշիվ պահանջել: Փաստացիորեն սա այն պատճառներից մեկն է, որը ստիպում է առաջիկա համաձայնության մասին խոսակցություններին թերահավատորեն մոտենալ: Ադրբեջանում, որտեղ գլխավորը համարվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, քան ազգերի ինքնորոշման իրավունքը, զիջումները նույնպես կընկալվեն որպես թուլություն, այդքան ժամանակ պատրաստվում էին պատերազմի, իսկ արդյունքում` ինչ-որ համաձայնագրեր, ինչ-որ փոխզիջում: Այդ ամենը հանրությանը «վաճառել» որպես ադրբեջանցի զինվորականների կամք, որն արդյունքում կոտրել է հայկական կողմի դիմադրությունը, դժվար կլինի: Այս նպատակով կողմերը պետք է լուրջ «տնային աշխատանք» կատարեն, որի համար ժամանակ գրեթե չի մնացել»:
Խոսելով ռազմական ճանապարհով հակամարտության լուծման մասին` Պոլիկանովը նշել է, որ ամեն ինչ կախված կլինի Ադրբեջանի դիրքորոշումից: «Բաքվում այսպես թե այնպես աճում է բանակցային գործընթացի հանդեպ առկա հիասթափությունը: Ադրբեջանում իսկապես այդ «Գորդյան հանգույցը» լուծելու ցանկություն կա: Սակայն անել դա անմիջապես գագաթաժողովից հետո`որպես համաձայնության բացակայության պատասխան, քաղաքականապես սխալ կլիներ: Դա մեծ վնաս կհասցներ Ադրբեջանի արտաքին դիրքորոշումներին, այդ ամենը կգնահատվեր որպես ագրեսիվ քաղաքականության դրսևորում`միաժամանակ Հայաստանին շնորհելով զոհի կարգավիճակ, որի հանդեպ համակրանքով կլցվեին: Այս առումով, որքան էլ դա ցինիկական հնչի, Բաքվին անհրաժեշտ է սպասել հերթական սադրանքին կամ էլ կազմակերպել այդ սադրանքը այնպիսի պատերազմի համար, որը ցանկանում է արդար երևալ, casus belli է անհրաժեշտ»:
Մեկնաբանելով Մոսկվայի, Փարիզի և Վաշինգտոնի միջնորդ դերը`քաղաքագետը հայտարարել է, որ իրենք նախկինի պես ուժեղ լծակներ չունեն Բաքվի և Երևանի վրա ազդելու համար: