Հայաստանում իրավիճակ է փոխվել և այդ իրավիճակի փոփոխությունը նշմարվում է հենց այստեղ, հենց այս փողոցում: Այսօր Իջևանում Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվսիտների հետ հանդիպման ժամանակ Կոնգրեսի գրասենյակի մոտ կայացած փոքրիկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանը:
«Երբ ամիսներ առաջ ՀԱԿ-ը նախաձեռնեց քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով հանրահավաքների շարք, որից մեկը պետք տեղի ունենար Իջևանում, եկանք Իջևան. մի զարհուրելի տեսարան էր, փոքր քաղաքի համար նախադեպը չունեցող: Այստեղ չորս բոլորը ոստիկանական պատեր էին ու էդ ոստիկաններից բացառությամբ մի քանի պիստոնների, բոլորի դեմքից հասկացվում էր, որ իրենք կատարում են մի հրաման, որը իրենց սրտից չի բխում: Համենայնդեպս միջոցառումը տեղի ունեցավ»,- ասել է Դավիթ Մաթևոսյանը և հիշեցրել, որ թեև այն ժամանակ մասնակիցներն ավելի քիչ էիք, բայց ներկաները վստահ էին, որ ճիշտ գործ են կատարում:
«Էսօր, երբ այլևս Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և Նիկոլ Փաշինյանը եկել է ձեզ հետ հանդիպելու, որևէ ոստիկան չկա, որևէ համազգեստավոր չկա, սա իրավիճակի փոփոխության ամենավառ վկայությունն է: Ես ուզում եմ ասել, որ այդ օրվա ձեր մասնակցությունը միջոցառմանը էն մի կաթիլն էր ամբողջ գործընթացի, որի արդյունքում քաղբանտարկյալներն ու Նիկոլը ազատ արձակվեցին»,- նշել է Մաթևոսյանը
Նա համոզմունք է հայտնել, որ իջևանցիները հպարտանում են Նիկոլով և կոչ է արել, որ ավելի շատեը հետևեն Նիկոլի օրինակին, որից հետո «խաղաղ ու բարեկեցիկ Հայաստանը օր առաջ կդառնա մերը»:
Հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը, ով խոսել է Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ այսօր Կազանում ընթացող Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին:
«Շատերը հարցնում են, որն է ՀԱԿ-ի դիրքորոշումը: Մենք այս պահին չունենք դիրքորոշում, չենք կարող հայտնել մեր մոտեցումը, որովհետև փաստաթղթից տեղյակ չենք: Վերջին պահին էլ կարող են էնպիսի փոփոխություններ լինեն, որ թե մեզ համար շահեկան լինի և մենք իսկապես գոհ լինենք, որ վերջապես հակամարտությունը կարգավորվեց, կամ կարող է շատ վտանգներ առաջանալ», – ասել է Կարապետյանը: