Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Կոնգրեսի Իջևանի գրասենյակ և այնտեղ հանդիպել տեղի ակտիվիստների հետ:
Ծնունդով իջևանցի Փաշինյանի համար մայիսի 27-ին բանտից դուրս գալուց ի վեր սա առաջին այցելությունն էր ծննդավայր:
Epress.am-ի թղթակցի հաղորդմամբ, իջևանցի ակտիվիստների թիվն այնքան շատ էր, որ մարդիկ գրասենյակի ներսում չէին կարող տեղավորվել. արդյունքում հանդիպումն անցկացվեց դրսում և վերածվեց փոքրիկ հանրահավաքի:
Փաշինյանն իր ելույթում նշել է, որ քաղբանտարկյալներն անազատության մեջ զրկանքներին դիմացան ընդամենը մի բանի համար, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետության ապագան շատ ավելի կարևոր է:
«Ես երեք տարի ընդհատակում և բանտում եմ անցկացրել ժողովրդի մանդատը ստանալու համար: Ես մարտի մեկին հարթակում եմ եղել, որովհետև ինձ համար կարևորը եղել է ոչ թե Սերժիկի ու Ռոբիկի, այլ ժողովրդի տված մանդատը: Եվ ես հպարտ եմ, որ ստացել եմ ժողովրդի մանդատը ու չկասկածեք, որ այդ մանդատով մինչև վերջ գնալու ենք, և մենք բոլորս կերտելու ենք ազատ և երջանիկ Հայաստանը»,- ասել է Փաշինյանը:
Վերջինս նաև նշել է, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը Հայաստանի իշխանությանը տրված վերջին շանսն է` խաղաղ և հանգիստ հեռանալու, և եթե այս երկխոսությւոնը տեսանելի ապագայում արդյուքն չտա, ապա Հայաստանում ջրբաժան է լինելու:
Ընդդիմադիր գործիչի խոսքով՝ Հայաստանում անընդունելի է եգիպտական կամ թունիսյան տարբերակով իշխանափոխությունը: Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է լինի հայկական տարբերակ, որի հետևանքով «անցնցում ճանապարհով Սերժ Սարգսյանը և իր կլանը պետք է Հայաստանից հեռանան»: