Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի «Եղնիկներ» զորամասից ադրբեջանական կողմը որևէ զինվոր գերի չի վերցրել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը հերքել է այսօր տարածված հաղորդումը, թե 4 զինծառայողներ գերի են վերցվել ադրբեջանական հետախույզների կողմից:
Պաշտպանության բանակն այդ հաղորդումը «բացահայտ ապատեղեկատվություն, ակնհայտ կեղծ և անհիմն հերյուրանք» է որակել` նշելով, որ ԶԼՄ-ները փորձել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին սրել իրավիճակը և ապակողմնորոշել միջազգային հանրությանը:
ՊԲ-ի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները «վստահորեն վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմը և չեն ենթարկվում սադրանքների»: