Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանն արձագանքելով Facebook սոցիալական ցանցում օգտատերերի մտահոգություններին, թե Երևանում սկսվել է փողոցային շների սպանդ, քաղաքապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջին գրել է.
«Երևան քաղաքում կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունք չի ցուցաբերվում, և թափառող կենդանիների զանգվածային սպանդ չի կազմակերպվել ու կազմակերպվում: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարբեր կազմակերպություններից, համատիրություններից, մանկապարտեզների վարիչներից, դպրոցների տնօրեններից, երեխաների ծնողներից, գիտնականներից, լրագրողներից և այլ քաղաքացիներից ստացվում են բազմաթիվ դիմում-բողոքներ և ահազանգեր, ուստի առանձին տարածքներում մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով հիվանդ, ագրեսիվ, հարձակողական վարք դրսևորող, հասարակության համար վտանգ ներկայացնող շները (եղել են նաև կծվածության դեպքեր) բռնվում և քնեցվում են»:
Սարդարյանը ներկայացրել է նաև նման դեպքերի ահանազգերի վիճակագրությունը.
«Երևան քաղաքում թափառող կենդանիների կողմից անհանգստություն պատճառելու և կծելու վերաբերյալ ստացվել են 2010թ.՝ 2279 և 2011թ. անցած ամիսների ընթացքում՝ 1621 դիմում-բողոքներ և ահազանգեր։ Միայն 2010թ. Երևան քաղաքում բժշկական կազմակերպությունների կողմից արձանագրվել է շների կողմից մարդկանց կծվածության 1320, 2011թ. առաջին եռամսյակի ընթացքում՝ 238 դեպք»։
Սարդարյանը նշում է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունվում է, որ իրոք թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման ամենաարդյունավետ և քաղաքակիրթ եղանակը միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից մշակված «ամլացնել (ստերիլիզացնել) և վերադարձնել» ծրագիրն է, որն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունների հավանությանը և կիրառվում է զարգացած շատ երկրներում։
«Իհարկե, նշված ծրագրի իրականացման դեպքում փողոցներում թափառող շներին բնակչությունը պետք է հանդուրժի 5-8 տարի։
Երևան քաղաքում թափառող կենդանիների հիմնախնդիրը լիարժեք լուծելու նպատակով ելնելով միջազգային փորձից անհրաժեշտ է՝
1. ստեղծել կենդանիների վերաբերյալ օրենսդրական դաշտ («Կենդանիների մասին» «Կենդանիների պաշտպանության մասին» ՀՀօրենքների ընդունում, Երևան քաղաքում կենդանիներ պահելու մասին կանոնների մշակում),
2. ամբողջ Հանրապետության տարածքում ծրագրավորված թափառող կենդանիների թվաքանակի նվազեցման աշխատանքներիիրականացում,
3. Երևան քաղաքում թափառող կենդանիների անշարժ և շարժական կլինիկաների ու կացարանների կառուցում,
4. բնակչության շրջանում կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի, հանդուրժողական մթնոլորտի, վարվելակերպիմշակույթի ձևավորում, կրթական մակարդակի բարձրացում,
5.փողոցային կենդանիների մոնիթորինգի անցկացում, հաշվառում– քարտեզագրում, վիճակագրական տվյալների բազայի ստեղծում ևդրանց թվաքանակի կառավարման այլ մեխանիզմների մշակում»,- գրել է նա:
Երևանի քաղաքապետարանում ներկայումս քննարկման փուլում են գտնվում թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման վերաբերյալ «Փրո Փոուզ» Կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցչի ներկայացրած ծրագիրը և նախագիծը ու դրանց իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով աշխատանքներ են տարվում անհրաժեշտ նախադրյալների ստեղծման ուղղությամբ։