Հայաստանի ներքաղաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձությունը Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանության միջև հնարավոր երկխոսության հարցի քննարկումն է։ Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքի ընթացքում հայտարարել է ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Հնարավոր իր ելույթի երկխոսության վերաբերող հատվածում Տեր-Պետրոսյանը նշել է, որ չնայած Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հնչեցրած իր հայտարարության մեջ նշել է, որ իշխանությունները բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսության պատրաստակամության մասին հայտարարել են 2008 թվականից ի վեր, հստակ է, որ իշխանությունը երբեք Հայ Ազգային Կոնգրեսի հետ երկխոսելու մտադրություն չի ունեցել, այլ իսկզբանե իր առջև բոլորովին այլ խնդիր է դրել, այն է՝ ճզմել, ոչնչացնել, արմատախիլ անել իր գոյությանը կամ հանգիստ կյանքին սպառնացող այդ հզոր քաղաքական ուժը, և միայն այդ ուղղությամբ ձեռնարկված բոլոր փորձերի ձախողումից հետո է, որ վերջերս ստիպված է եղել տեղի տալ ու փոխել իր վարքագիծը։
«Կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի մի այլ բնորոշ մտքի վրա. «Ես դրական եմ գնահատում,– գրում է նա,– Հայ Ազգային Կոնգրեսի հետ վերջին ամիսների մեր աշխատանքը և հույս ունեմ, որ երկուստեք հասկացվածություն կա այն մասին, որ սկսված գործընթացը պետք է համատեղ ուժերով պահպանել ու առաջ տանել։ Ստեղծածը քանդելը ամենահեշտն է, քաղաքական հասունությունն արտահայտվում է ստեղծածի վրա ավելացնելու ունակությամբ»։ Մի կողմից՝ գնահատելի է, իհարկե, որ Սարգսյանը գիտակցում է գործընթացի կարևորությունը, բայց մյուս կողմից՝ տարակուսանք է առաջացնում նրա կողմից երկրորդական, զուտ արարողակարգային խնդիրների հարուցումը, ինչն ինքնին այդ գործընթացը խափանելու վտանգ է պարունակում։ Խոստովանում եմ, հակառակ գործադրածս բոլոր ջանքերին, իմ ակադեմիական պատրաստությունը չի բավարարում հասկանալ, օրինակ, «երկխոսությունը բանակցությունների վերածելու փորձերն ուղղակի անընդունելի են» նախադասությունը։ Իմ համեստ կարծիքով՝ այդ բառերը գրեթե հոմանիշներ են, իսկ եթե պահանջվում է դրանք անպայման միմյանցից տարբերել, ապա ամենահարմար բացատրությունը թերևս հետևյալն է. երկխոսությունը երևույթի բովանդակությունն է, իսկ բանակցությունը նրա ձևը։ Բայց խնդիրը դա չէ, այլ այն, որ ընդգծելով հանդերձ գործընթացի կարևորությունը, Սերժ Սարգսյանն ինչ-ինչ պատճառներով առայժմ չի կարողանում կողմնորոշվել երկխոսության կամ, նույնն է թե, բանակցության ձևաչափի հարցում։ Վստահ եմ, սակայն, որ դա ընդամենը նրա շրջապատի անհասկացողությամբ կամ իրավիճակի անսովորությամբ պայմանավորված ժամանակավոր անորոշություն է, որը շուտով կհաղթահարվի։ Մենք խնդրարկու չենք, որ, ինչպես մեզ առաջարկվում է, դռնեդուռ ընկած, հարցեր բարձրացնենք տարբեր իշխանավորների առջև։ Այդպիսի երկխոսություն չի լինում, որովհետեւ ցանկացած երկխոսություն կողմերի հավասարություն է ենթադրում։ Հետևաբար, որքան էլ իշխանությունը համառի, միևնույն է, վերջիվերջո մեզ հետ խոսելու է պատշաճ, այսինքն՝ պատվիրակության մակարդակով», – ասել է Տեր-Պետրոսյանը։
Տեր-Պետրոսյաի խոսքով` վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները թութակի պես աջուձախ կրկնում են, թե իբր Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր չկան։
«Այսինքն՝ 2008թ. կեղծված նախագահական ընտրությունը հիմք չէ, մարտի 1-ի սպանդը հիմք չէ, հարյուրավոր քաղաքական գործիչների զնդանումը հիմք չէ, հիմք չեն նաեւ՝ Ազգային Ժողովի զրոյական վարկանիշը, սոցիալ-տնտեսական խորագույն ճգնաժամը, համատարած կոռուպցիան, աղետալի չափերի հասած արտագաղթը, խելահեղ գնաճը, Ղարաբաղյան խնդրի բարդացումը և այլն։ Ուրիշ ի՞նչ հիմք է պետք արտահերթ ընտրությունների և իշխանափոխության համար, երբ քաղաքակիրթ երկրներում դրանք տեղի են ունենում թվարկվածների համեմատ շատ ավելի երկրորդական խնդիրների պատճառով», – հռետորական հարց է ուղղել ՀՀ առաջին նախագահը:
Նրա խոսքով` իշխող վարչախումբը մինչ այժմ կորցրել է Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի առողջացման, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման և Ղարաբաղյան կարգավորման գործընթացում սեփական դիրքերի ամրապնդման երկու պատեհություն՝ մեկը 2008թ. ապրիլի 9-ին, Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, մյուսը՝ 2009թ. մարտի 3-ին, տնտեսական ճգնաժամի կիզակետը խորհրդանշող դրամի փոխարժեքի գահավիժման պահին։
«Կորցնել նաև ներկա պատեհությունը, կնշանակի սպառել մեր երկրի արժանապատիվ ապագայի կերտման վերջին հույսը։ Մաղթենք, սակայն, որ ողջախոհությունը գոնե այս անգամ չդավաճանի վարչախմբի պարագլուխներին, և առաջիկա մեկ-երկու ամսում նրանք վերջնականապես կողմնորոշվեն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում։ Հակառակ դեպքում, ողջամիտ կոչված ժամկետը սեպտեմբերին սպառված կհամարվի, և մեր օրակարգում կմնա ընդամենը մեկ պահանջ, այն է՝ Սերժ Սարգսյանի և իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը։