Հուլիսի 5-ը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Facebook սոցիալական ցանցի հայաստանցի օգտատերերը յուրատեսակ բողոքի ակցիայի միջոցով են նշում: Ստեղծվել է մի միջոցառման էջ (event- Epress.am), որը կոչվում է «Դե ֆակտո Սահմանադրություն»: Էջում օգտատերերը գրում են վերաձևակերպված, օգտատերերի խոսքով, Հայաստանում դե ֆակտո գործող Սահմանադրության կետերը:
Facebook-ցիները ՀՀ Սահմանադրության կետերը հետևյալ կերպ են հնչում.
«Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում Ժողովուրդը պատկանում է իշխանությանը։ Ժողովուրդը չունի որևէ իրավունք (բացի իշխանությանը պատկանելու իր անվերապահ իրավունքից):
Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից խրախուսվում է Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև ցանկացող այլ գերտերությունների կողմից:
Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները ստորագույն արժեքներ են: Օլիգարխը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:
Հայաստանի Հանրապետությունը անիրավ, ԱՊՊԱսոցիալական և ժողովրդաքամ պետություն է, և ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է հաճախորդների ինստիտուտը:
ՀՀ-ի պետական լեզուն ժառգոնն է: Ժառգոնով չխոսացողներն պատժվում են ըստ ՀՀ Օլիգարխների սահմանաված օրենքով»:
«Նոր Սահմանադրության» հեղինակներն փոփոխել են նաև ՀՀ զինանշանը, օրհներգը և մայրաքաղաքը.
« Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ սեղանի վրա, դրված է եղնիկի մսից պատրաստված խորոված, հայկական կարմիր գինի, սեղանի շուրջ նստած են ամենաազդեցիկ օլիգարխները և թղթախաղ են խաղում և «ծխում»: Բնակարանի մուտքը հսկում է նախագահը, իսկ նրա ոտքերի տակ պատկերված են մի քանի ոսկորներ, հասկերի խուրձ և մի մեծ շղթա:
Հայաստանի Հանրապետության օրհներգը ողբն է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Մոսկվան է: (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 13)>:
Դե ֆակտո Սահմանադրության մեջ հատուկ ուշադրություն է դարձվել սեռական խտրականության թեմային.
«Սեռական խտրականությունը խրախուսվում է. ավելին՝ տղամարդն ունի անսահման իրավունքներ, իսկ կինը՝ անսահման պարտականություններ: Տղամարդն իրավունք ունի, ծեծել, բռնաբարել, ինչպես նաև սպանել կնոջը՝ վերջինիս նրան չենթարկվելու դեպքում: Կնոջ կողմից բողոքելը անօրինական է և կարող է հանգեցնել օրենքով սահմանված պատասխանատվության»:
Ըստ Facebook-յան էջի հեղինակների, յուրաքանչյուր աշխատող զրկված է արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքից: Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական և աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով չունեն գործադուլի իրավունք: Եթե դժգոհ են աշխատանքից, կարող են այն թողնել անմիջապես, քանի որ աշխատատեղերը սահմանափակ են, իսկ գործազուրկների թիվն անսահման: ՀՀ-ում աշխատանքային պայմանագիրն արգելվում է: (ՀՀ Սահմ, Հոդված 32):
Դե ֆակտո Սահմանադրության մեջ խոսվում է նաև քաղաքական իրականության մասին.
«Կուսակցությունների, եկեղեցու և տեղական ինքնակառավարման մարմինների մասին. «Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունները կազմավորվում են ազատորեն, նպաստում օլիգարխների քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը:
Մարզպետները նշանակվում են գնային ճկուն համակարգով և ազատվում են առավել հարուստ թեկնածուի առկայության պարագայում: Այս նշանակումները վավերացվում են Հանրապետության չընտրված նախագահի կողմից՝ մի շարք քրեական տարրերի հովանավորությամբ: Մարզպետներն իրագործում են կառավարության գնային քաղաքականությունը և համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների անգործությունը (ՀՀ Սահմանադրություն, հոդված 88.1)
Հոդված 8.1. Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին սերտաճած է ՀՀ կառավարության: Հոդված 777. Հայաստանում կրոնի ազատություն է. Կրոնավորները կարող են լեվի գնալ, ուռել, բենտլի քշել ու մեղքերին թողություն խնդրել:
Հոդված 91. Հայաստանի Հանրապետությունում անարդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համաձայն:
ՀՀ կառավարությունը իրականացնում է Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականությունը գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության և բնության պահպանության բնագավառներում (ՀՀ Սահմանադրություն, հոդված 89, մաս 5)
Պետական իշխանությունն իրականացվում է քրեական տարրերի օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա: (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 5):
ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք չունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք: Մարդուն կարելի է առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի և նվաստացումների: (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 17)»: