Սանկտ Պետերբուրգում «Երևան», իսկ Հայաստանի մայրաքաղաքում` «Սանկտ Պետերբուրգ» անունները կրող նոր հյուրանոցներ կհայտնվեն: Պետերբուրգում կառուցվող հյուրանոցի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչ 2015 թվականը: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի միջև կայացած հանդիպման արդյունքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Համագործակցության ծրագրի մեջ են մտնում նաև Նևայի ափին «Երևան» առևտրի կենտրոնի կառուցումը, Երևանում Սանկտ Պետեբուրի օրերի անցկացումն ու բիզնես կենտրոնների բացումը:
Երևանում նույնպես նախատեսվում է «Սանկտ Պետերբուրգ» անունը կրող առևտրի կենտրոն բացել:
2007 թվականի հունվարին Երևանում Պետերբուրգի տեղեկատվական աշխատանքային կենտրոն բացվեց, նույն տարվա ավարտին Պետերբուրգում հիմնվեց Երևանի ներկայացուցչությունը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հիմքը կազմում են ալկոհոլը, կաթնամթերքն ու գյուղատնտեսական ապրանքները: Պետերբուրգից Հայաստան են ներկրվում ծխախոտային ապրանքներ, մեքենաշինության ոլորտի արտադրանք, մթերք: