Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` սկիզբ դնելով «Գեղեցիկ Երևան» ծրագրին, որի նպատակը Երևանի քաղաքային միջավայրի բարելավումն է:
Ծրագիրը նախատեսում է հուշարձանների պատվանդանների և նրանց հարակից տարածքների բարեկարգում և լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում, քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ընտրված թաղամասում պիլոտային ծրագրի իրականացում:
«Այս տարի Երևանի արտաքին բարեկարգմանը ավելի շատ ենք ուշադրություն դարձրել: Համոզված եմ` դա տրամադրություն է ստեղծում. ներդրողների մոտ ավելի մեծ լավատեսություն է առաջացնում և, իհարկե, ազդում է Երևանի զբոսաշրջիկների ու երևանցիների տրամադրության վրա: «Գեղեցիկ Երևան» ծրագիրը մի քանի նպատակ ունի, և համոզված եմ, այն հաջողությամբ կիրականացնենք»,- Կարեն Կարապետյանի խոսքերն է փոխանցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: