Հատուկ Քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքաների ընդհանուր իրավասության դատարան՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թամամյանի կալանքի հերթական ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել: ՀՔԾ-ից օրաթերթին տեղեկացրել են նաև, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավոր է, որ մինչ այդ քննությունը չավարտվի, և նախաքնննության ժամկետը նույնպես երկարաձգվի:
Հովհաննես Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) 2010 թվականին սպանված Խաչիկ Մկրտչյանի գործի ընթացքը միտումնավոր կերպով խեղաթյուրելու մեջ: