Հուլիսի 22-ին, ժամը 11:00-ին «Դեմ ենք մետրոյի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը Սունդուկյանի այգու (Անգլիական) շատրվանների մոտից ակցիա և երթ է կազմակերպում դեպի Երևանի քաղաքապետարան:
«Շապիկները հագնելուց հետո քայլում ենք դեպի քաղաքապետարան, հետո` կառավարություն, որի ընթացքում հանձնելու ենք մեր պահանջները նամակի տեսքով»,- նշում են նախաձեռնության կազմակերպիչները:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Երևանի մետրոյի ուղեվարձը 50 դրամից դարձել է 100 դրամ:
Նույն օրը Երևանի քաղաքապետարանի շենքի առջև մոտ երկու տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել մետրոյի ուղեվարձի թանկացման դեմ և նամակ էին հանձնել քաղաքապետ Կարեն Կարապետյանին՝ պահանջելով վերանայել որոշումը:
Երևանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում է 20 մլն. ուղևոր, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորների 5-6%-ը: 2010թ. ՀՀ պետբյուջեից երևանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ: