Հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետարանի շենքի առջևի հարակից տարածքում տեղի կունենա բողոքի ակցիա` գյուղմթերքի վաճառք, որը նախաձեռնել են շուրջ 7 ամիս անգործության մատնված բացօթյա առևտրականները: Այս մասին հայտնում է բացօթյա առևտրով զբաղվողների համակարգող խումբը:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի` բացօթյա առևտուրն արգելող որոշման դեմ բողոքողները բազմաթիվ ակցիաներ են կազմակերպել` սկսած հունվարի կեսերից:
Վերջին ակցիան նրանք կազմակերպել են հուլիսի 14-ին Կառավարության շենքի առջև: Բողոքավոր առևտրականներն իրենց հետ մրգեր և բանջարեղեն էին բերել, որոնք շենքի մոտ լցրեցին տարաների մեջ, դրանք դրեցին գետնին և սկսեցին առևտուր իրականացնել: Այդ գործում նրանց օգնում էր ԱԺ ‹‹Ժառանգություն›› խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: