Մայրաքաղաոում բացօթյա առևտրի արգելքի դեմ պայքարող քաղաքացիների մի խումբ հուլիսի 23–ի հանդիպել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի հետ:
«Նրանք խնդրել են, որ երկխոսության շրջանակներում մենք բարձրացնենք բացօթյա առևտրի թույլտվության հարցը: Իմ պատասխանը եղել է հետևյալը. մենք այսօր բոլոր խնդիրների լուծումը տեսնում ենք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններով` Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման մեջ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ թեև այդ հարցը չի կարող դառնալ բանակցությունների առարկա, բայց նաև հիշեցրել է առևտրականներին, որ ընդդիմությունը դեռ մարտի 1-ին 15 պահանջ էր ներկայացրել իշխանություններին, որոնց թվում էր նաև բացօթյա առևտուրը թույլատրելը կամ կրկին արտոնելը:
«Եվ ինչպես մենք խոստացել էինք հանրահավաքներից մեկում, երկխոսության ժամանակ մենք այդ պահանջները (խոսքը 15 պահանջների մասին է – խմբ.) նույնպես կներկայացնենք, բայց ոչ թե բանակցելու, այլ կատարելու ակնկալիքով», – հավելել է Լևոն Զուրաբյանը: