Հայաստանի շախմատի հավաքականը չինական Նինբո քաղաքում ընթացող աշխարհի թիմային առաջնության նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ընտրանու հետ` ևս մեկ քայլ կատարելով դեպի չեմպիոնի կոչումը:
Հանդիպումը բավական ծանր դասավորվեց մեր թիմի համար: Առաջին տախտակին Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Թեյմուր Ռաջաբովի, իսկ Սերգեյ Մովսիսյանը երկրորդ տախտակին սևերով` Վուգար Գաշիմովի հետ:
Երկու ոչ-ոքիներին հետևեց չորրորդ տախտակին սևերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանի պարտությունը Շահրիյար Մամեդյարովից:
Սակայն Հայաստանի հավաքականի համար մեկ միավոր փրկեց Վլադիմիր Հակոբյանը, ով պարտիայի վերջնամասում կարողացավ իրացնել իր չնչին առավելությունը Ռաուֆ Մամեդովի նկատմամբ:
Հայաստանին հետապնդող Ուկրաինան հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նկատմամբ 2,5:1,5 հաշվով, իսկ Չինաստանը 3:1 հաղթեց Հնդկաստանին: Ռուսաստանը 4:0 հաշվով պարտության մատնեց Իսրայելին, իսկ Հունգարիան` 3:1 Եգիպտոսին:
Այժմ հայաստանցիները վաստակել են 13 միավոր, Չինաստանն ու Ուկրաինան ունեն 11-ական միավոր, Ռուսաստանն ու Հունգարիան` 10, ԱՄՆ և Ադրբեջանը` 8, Իսրայելն ու Հնդկաստանը` 5 և Եգիպտոսը` 0:
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը հանդիպում է Ուկրաինայի հետ:
Ոչ-ոքիի դեպքում մեր թիմը կապահովի չեմպիոնությունը` անկախ Չինաստան-Հունգարիա հանդիպման ելքից: Կարող են լինել այնպիսի տարբերակներ, երբ մեր թիմին չեմպիոն դարձնի անգամ նվազագույն հաշվով պարտությունը: