Եվրոպայի 2010/11 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն են հավակնում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Չավի Էռնանդեսը և Լիոնել Մեսսին, ինչպես նաև Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Քրիշտիանու Ռոնալդուն:
Uefa.com-ի փոխանցմամբ, թեկնածուների լավագույն եռյակը որոշվել է 53 սպորտային լրագրողներից բաղկացած ժյուրիի կողմից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է ՈՒԵՖԱ-ի ազգային ասոցիացիաներից որևէ մեկը: Քվեարկության որոշիչ փուլը, որի արդյունքում կորոշվի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստը, կկայանա օգոստոսի 25-ին Մոնակոյում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության ժամանակ:
Արդեն հայտնի է, որ հարցման արդյունքում 4-րդ տեղն է զբաղեցրել «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստ`Անդրես Ինյեստան` առաջ անցնելով «Պորտուի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյից և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիից: Ուժեղագույնների տասնյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Յունայթեդից» Նեմանյա Վիդիչը, «Միլանից» Զլատան Իբրահիմովիչը, «Բարսելոնայից» Ժերար Պիկեն, և «Շալկե-04»-ից Մանուել Նոյերը:
Անցած մրցաշրջանի ընթացքում Չավին ու Մեսսին օգնել են «Բարսային» հաղթել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում: Ի դեպ, վերջինս 53 գնդակ է խփել 55 պաշտոնական հանդիպումների ընթացքում: 53 գոլերից 31-ը Արգենտինայի հավաքականի հարձակվողը խփել է Իսպանիայի առաջնությունում, մինչդեռ Չեմպիոնների լիգայում Մեսին աչքի է ընկել 12 անգամ: Իր հերթին, «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիր Ռոնալդուն 40 գոլերով դարձել է Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու: