Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում կայացել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Այս գործով մեղադրյալի աթոռին են նստել 10 հոգի: Նրանցից մեկը՝ «Կոշիկի աշխարհ» ընկերության սեփականատեր Արա Կարապետյանն է, ում ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 15 տարվա ազատազրկման: Ավելի վաղ Կարապետյանը խոստացել էր դատարանում սենսացիոն հայտարարություն անել մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Կարապետյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալը, հավանաբար, հայտարարությամբ հանդես կգա առաջիկա երկու դատական նիստերից մեկի ժամանակ: Խոսելով գործի քննության մասին՝ Զաքարյանն ասել, որ ԱԱԾ-ն այս գործը քննել է «ժիգլովյան» ոճով և ամեն գնով փորձել է իրեն ցանկալին ներկայացնել որպես գործով փաստարկված և այս առումով թույլ տալով նաև բազմաթիվ չարաշահումներ, խախտումներ՝ ընդհուպ մինչև կեղծիքներ:
«Իմ պաշտպանյալը առաջին փուլից իրեն մեղավոր չի ճանչել: Ես նշեմ, որ պաշտպանական կողմը նախաքննության ընթացքում, հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրել է կատարել առերեսումներ այն բոլոր անձանց հետ, ովքեր Արա Կարապետյանի դեմ ցուցմունքներ են տվել: Այս միջնորդույթունը բացահայտ հիմնավորված միջնորդություն է, որը ապօրինի կերպով քննչական մարմինը մերժել է, և քրեական գործով 21 հատորում չկա մի արձանագրություն առերեսում կատարելու վերաբերյալ; Ինչո՞ւ դա քննչական մարմինը չի արել: Մեր խորին համոզմամբ` չի արել, որովհետև նախաքննության ընթացքում մեղադրյալներից ոմանք եղել են ԱԱԾ-ում հսկողության տակ և նրանց թելադրանքով տվել են նրանց համար ցանկալի ցուցմունքներ»,- նշել է Զաքարյանը:
Նրա խոսքով` այս գործում առկա է քաղաքական ենթատեքստ, և հետագայում իրենք հանդես կգան համպատասխան հայտարարություններով:
«Պաշտպանական կողմը խնդրում է գործը քննել վերաքննության կարգով և կայացնել արդարացման դատավճիռ, գործը բեկանել և ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նորից քննության: Թույլ են տրվել կոպիտ խախտումներ, որոնք վերաքննիչ դատարանում չեն կարող վերացվել: Դատարանում բոլոր ամբաստանյալներն ասել են, որ Արա Կաարապետյանը որևէ առնչություն չունի այս հանցագործությունների հետ»,- հավելել է Զաքարյանը:
Ի դեպ, դատական նիստի ժամանակ նիստը նախագահող դատավոր Արշակ Խաչատրյանը փորձել է սահմանափակել լրագրողների աշխատանքը՝ թույլատրելով ձայնագրել և տեսաձայնագրել ընդամենը 15 րոպե: Այնուհետև, երբ նրա կողքին նստած մեկ այլ դատավոր Սերժիկ Խաչատրյանը նրան ինչ-որ բան է ասել, Խաչատրյանը հայտարարել է, որ դատական նիստը լրագրողները կարող են տեսաձայնագրել 15 րոպե, իսկ ձայնագրել` ողջ ընթացքը:
Հիշեցնենք, որ Արա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 27-ի կեսգիշերին կազմակերպված ավազակային հարձակման համար, ինչպես նաև ավազակային խումբ ձևավորելու և ավազակային հարձակումներ կատարելու մեջ:
Այս տարվա փետրվարի 7-ին Կարապետյանի հարազատները և ընկերները, ովքեր գտնում են, որ մեղադրանքն անհիմն է, բողոքի ակցիա էին անցկացրել նախագահական նստավայրի մոտ: Նրանք ձեռքերում պաստառներ էին պահում, որոնց վրա գրված էր՝ «Ազատություն Արա Կարապետյանին», «Մի դատեք առանց ապացույցների», «Վստահում ենք նախագահին»: