Երեկ Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ոստիկանական ուժերը բախվել են հակակառավարական ցույցեր կազմակերպող խմբերի հետ, հաղորդում է BBC-ն:
Բախումների հետևանքով վիրավորվել է 20 մարդ, այդ թվում` 7 ոստիկան:
Սկսած մայիսից` Իսպանիայում հարյուրավոր մարդիկ պարբերաբար ցույցեր են կազմակերպում` բողոքելով գործազրկության բարձր մակարդակի և կառավարության տնտեսական ծրագրի դեմ, սակայն նման բախում նրանց և ոստիկանության միջև առաջին անգամ է գրանցվել:
Բախման պատճառը եղել է Պուերտա դել Սոլ հրապարակի արգելափակումը ոստիկանների կողմից: Այդ հրապարակում սովորաբար հավաքվում էին ցուցարարները: Դժգոհելով այդ որոշումից` հարյուրավոր մարդիկ քայլել են դեպի քաղաքի կենտրոնական հրապարակ` Պլասա Սիբելես, որտեղ հանրահավաք են անցկացրել, ապա շարժվել են ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ էլ տեղի են ունեցել բախումները:
Պաշտոնական աղբյուրների համաձայն, 20 վիրավորվածների կյանքին վտանգ չի սպառնում:
Նշենք, որ գործազրկության մակարդակը Իսպանիայում կազմում է 21.3%, ինչը ամենաբարձր ցուցանիշն է Եվրամիության տարածքում: