«Իրավունքի և ազատության» կենտրոն հ/կ նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության երեկվա հայտարարությանը, որում երիտասարդները դիմում են Ազգային անվտանգության ծառայությանը «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանի դեմ քրեական գործ հարուցելու և նախաքննություն սկսելու խնդրանքով:
Հարությունյանն իր հայտարարությունում մեջբերում է նախաձեռնության կոչում առկա հետևյալ արտահայտությունները` «Տականքներ, որոնք հանուն փողի պատրաստ են ծախել սեփական մորը, ամեն տեղ էլ կան, բայց Վանյանն արդեն անցել է թույլատրվածի բոլոր սահմանները», «Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Վանյանը կապ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»` նշելով, որ չակերտներում ներառված մեջբերումները բոլորովին էլ քաղված չեն հատուկ ծառայությունների արխիվներում պահպանվող ԽՍՀՄ ժամանակարջանի մատնագրերից:
«Սրանք մեր օրերում գործող հասարակական նախաձեռնության հայտարարության տողերն են, որի անդամները երիտասարդներ են: Թվում էր` անցած դարի 90-ականների սկիզբը մեկընդմիշտ բաժանեց մեզ մեր խորհրդային արատավոր բարքրից, երբ կարելի էր, գաղափարականության քողի տակ թաքնվելով, հրապարակավ կամ թաքուն, մարդուն մեղադրել հնարավոր բոլոր մահացու մեղքերի մեջ և կոչ անել համապատասխան ծառայություններին հետապնդում սկսել նրա նկատմամբ:
Վանյանի հետ կարելի է չհամաձայնել, նրա գործունեությունը կարելի է քննադարել, բայց անթույլատրելի է կոչ անել նրա նկատմամբ քրեական գործ հարուցել կամ մերկապարանոց հայտարարել, թե նա կապված է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ: Վանյանն իր տեսակետները հայտնել ու հայտնում է հրապարակավ, մամուլի միջոցներով և անհամաձայնները կարող են նրա դեմ պայքարել նույն հրապարակայնությամբ, այլ ոչ հատուկ ծառայությունների օգնությամբ», – նշում է իրավապաշտպանը:
Հարությունյանն ընդգծում է, որ խոսքը ոչ այնքան Վանյանին է վերաբերում, որքան խորհրդային անցյալին յուրահատուկ մատնագրերով պայքարելու արատավոր սովորույթի մեր իրականություն ներմուծելու անթույլատրելի ու վտանգավոր փորձին:
««Չենք լռելու» երիտասարդականնախաձեռնություն անդամները պետք է իմանան, որ մեր երկրի հաջողության գրավականը հանդուրժողականությունն է, այլ ոչ ընդդիմախոսին կամ անհաճո գործիչին հատուկ ծառայությունների օգնությամբ լռեցնելը», – նշում է իրավապաշտպանը:
Հիշեցնենք, քր SalamNews-ին տված հարցազրույցում Վանյանը նշել էր, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն անհրաժեշտ պայման է երկու ազգերի և ամբողջ Հարավային Կովկասի միասնական արժեքային համակարգի ստեղծման համար: