Ռուսաստանի վաստակավոր արտիստ, սաքսաֆոնահար Վլադիմիր Պրեսնյակովը (ավագ) Ռուսաստանում հայերի միության մամլո ծառայության հետ զրույցում պատմել է ռուսական երաժշտության մեջ հայկական մեղեդիների, և հայկականի մեջ ռուսականի ներթափանցման մասին:
Ինչպես հայտնում է «Երկրամասը», ռուսաստանցի երաժիշտը կարծում է, որ ինքն էլ իր ներդրումն ունի այդ գործընթացքում. «Ես ինքս էլ մի մեղեդի եմ գրել` «Խանդում եմ», և հարցնում եմ հայերին. «Հը, ո՞նց է», իսկ նրանք ի պատասխան ասում են. «Սա լրիվ հայկական ոճի մեջ է»: Եվ դա իրոք գրավում է: Որովհետև այդ հնչյունները բավական գրավիչ են: Եվ այստեղ հարցն անգամ մոդան չէ: Չգիտես ինչու` Կիրկորովը հայկական երգեր չի երգում: Փոխարենը` թուրքական է երգում, ինչը զարմանալի է: Չգիտես ինչու` Իրա Ալեգրովան հայկական երգեր չի երգում: Ինչո՞ւ: Ինձ դա զարմացնում է: Ես միայն կհպարտանայի»:
Խոսելով հայերի վրա ռուսական երաժշտության ազդեցության մասին` Վլադիմիր Պրեսնյակովը նշել է, որ չգիտի` կարելի է արդյոք Արամ Խաչատուրյանին կամ Առնո Բաբաջանյանին մաքուր հայկական կոմպոզիտորներ համարել: «Նրանք արդեն ստեղծագործում էին ոչ ամբողջովին հայկական ոճում: Թեև, հարգանքիս տուրքը պիտի մատուցեմ Առնո Հարությունովիչին, շատ տիպիկ հայկական ստեղծագործություններ ունի Առնո Բաբաջանյանը, նա այնքան աննման երգեր ունի: Եվ հիանալի է, որ դրանք երգում են նաև ադրբեջանցիները: Մագոմաևը հայտնի դարձավ մասամբ նաև Բաբաջանյանի երգերի շնորհիվ»,- ասել է Պրեսնյակովը: