Home / Հայաստան / «Իրավունք չունենք…» Մանոյանը` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթից հրաժարվելու մասին

«Իրավունք չունենք…» Մանոյանը` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթից հրաժարվելու մասին

Այսօր ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն խիստ գնահատականներով հայտարարություն է ընդունել, որտեղ մերժել է կազմակերպության մասնակցությունը Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ճաշկերույթին։

Մեկնաբանելով Կոմիտեի որոշումը` ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նշել է, որ հայտարարությունը, թերևս, արդյունք է գաղութում առկա որոշակի տրամադրությունների։

«Հասկանալի է, որ Հահաստանում կուտակվել են բազմաթիվ հիմնահարցեր, առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Բայց 20-ամյակը մեր ընդհանուր հաղթանակի և ձեռքբերումների ամրագրումն է։ Մենք իրավունք չունենք այս մակարդակի միջոցառումներում, անձնավորված հարաբերություններով և հուզական քայլերով առաջնորդվելու, այլ՝ առիթը պետք է օգտագործենք` (մնալով հանդերձ մեր սկզբունքային դիրքերում) նման միջոցառումներով արտահայտելու մեր միասնականությունն ու համախմբվածությունը», – Կիրո Մանոյանի խոսքերն է փոխանցում ՀՅԴ Մամլո դիվանը: