Աշխարհի տարբեր երկրների (Գերմանիա, Ֆրանսիա, Բրազիլիա, ԱՄՆ) թվով 150 համալսարաններ և գիտահետազոտական կենտրոններ դեռևս ապրիլ ամսին համատեղ նամակ էին գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին` իրենց աջակցությունը հայտնելով Հայաստանի Ֆիզիկայի ինստիտուտին, որն այժմ ցանկանում են վերածել հիմնադրամի:
Նամակում գիտնականները հորդորել են «չփչացնել» ֆիզիկայի ինստիտուտը:
Չնայած ուղարկված նամակին, ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվում է Ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրամի վերածելու հարցը:
Խնդրի առնչությամբ Epress.am-ը զրուցել է Ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արա Սեդրակյանի հետ:
Նրա խոսքով` ստեղծվող հիմնադրամը ղեկավարելու է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը:
«Ինքը մեզ հետ ոչ մի քննարկում չի ունեցել, պատահական ենք իմացել, որ այդպիսի նախագիծ ունեն: Հիմնադրամը մասնավոր կառույցի է վերածվելու, որտեղ որոշումներ կայացվելու են հոգաբարձուների խորհրդի կողմից: Փորձելու են ինչ-որ տեղերից գրանտներ ստանալ, փողեր աշխատել: Հոգաբարձուների խորհուրդը կարող ա ամեն ինչ փոխի, և քանի որ իրենք պրոֆեսիոնալներ չեն, չենք կարող ասել` ինչ կլինի: Երիցյանը առհասարակ ոչինչ չգիտի ֆունդամենտալ գիտության մասին, արտասահմաններում ինչ-որ կիսատ-պռատ բաներ ա սովորել: Ինքը տնտեսագետ ա, նախկին էկոնոմիկայի նախարար, հիմա էլ Կենտրոնական բանկի աշխատակից ա, չգիտես` ինչի ա որոշել զբաղվել ֆիզիկայով, ոչ ոք չի հասկանում: Ինքը թերի կրթություն ստացած մարդ ա, տրամաբանական տեսանկյունից ակնհայտորեն խնդիրներ ունի», – նշել է Սեդրակյանը:
Սեդրակյանը նշել է, որ ֆիզիկոսները վերջերս նամակ են գրել ՀՀ վարչապետին, և դրանից հետո կարելի էր ենթադրել, որ գործընթացը կասեցված է:
«Բայց իմացանք, որ այսօր Կառավարության հերթական նիստի քննարկման առարկա է դառնալու: Աշխատակիցները կմնան, բայց դա ժամանակի հարց է, քանի որ այնտեղ` հիմնադրամի ստեղծումով, վերանալու է ֆունդամենտալ գիտությունը, քանի որ ֆունդամենտալ գիտությունը հիմնադրամի ստատուս չունի, այն պետք է լինի պետական հովանավորության տակ կամ չլինի», – նշել է Սեդրակյանը:
Նրա խոսքով` այսօր ֆիզիկոսների ներկայացուցիչները փորձելու են հանդիպել վարչապետի հետ` խնդիրը քննարկելու համար: Եթե ֆիզիկոսները Հայաստանում հաջողության չհասնեն, նրանք պատրաստ են դիմել միջազգային կենտրոններին ու համալսարաններին աջակցության խնդրանքով: