2008 թվականի մարտի 10-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը ԱՄՆ Պետդեպ գաղտնի փաստաթուղթ է ուղարկել, որում ներկայացնում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի տեսակետը մարտի 1-ի իրադարձությունների մասին, որը նա հայտնել է կոնֆիդենցիալ զրույցում:
Փենինգթոնը նշում է` Գառնիկ Իսագուլյանը խոստովանել է, որ մարտի մեկի առավոտյան տեղի ունեցած բողոքի ճնշումն արտոնվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:
«Իսագուլյանը հավատացած է, որ խորհրդականների և անվտանգության ծառայությունների աջակցությամբ վարչապետ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կձերբակալի ընդդիմադիր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին և ներկայիս իրավիճակը կներկայացնի որպես անվտանգության խնդիր և ոչ թե քաղաքական հարց: Իսագուլյանը նշել է, որ նման մարտավարությունը միայն հետագա լարվածության կհանգեցնի», – նշված է փաստաթղթում:
Փենինգթոնը նամակում բնութագրում է նաև Գառնիկ Իսագուլյանին` ընդգծելով նրա ազգայնական հայացքները: Նա նաև գրում է, որ Իսագուլյանը իդեալիստ է, ամերիկամետ, ինչ-որ տեղ հայ ազգի մասին չափազանց ռոմանտիկ պատկերացումներ ունեցող մարդ: Դիվանագետը նշում է, որ Իսագուլյանի` Քոչարյանի հանդեպ ունեցած դրական վերաբերմունքը երբեմն հանգեցնում է փաստերը նախագահի համար առավել դրական լույսի ներքո ներկայացնելուն: Ամերիկացի դիվանագետի խոսքով` «վերջին շաբաթներին Իսագուլյանն ավելի քիչ դրական զգացումնքներ ունի Սերժ Սարգսյանի նկատմամբ, թեև մինչ այդ միշտ ջերմորեն էր խոսում նրա մասին»:
«Իսագուլյանը ցավում է մարտի 1-2-ի իրադարձություններում կառավարության ունեցած դերի համար, որի պատասխանատվությունն ամբողջությամբ իշխանությունների վրա է ընկած: Նա ասել է, որ ոստիկանության և անվտանգության ծառայությունների ղեկավարները Քոչարյանին վստահեցրել էին, որ կարող են հաշված րոպեների ընթացքում մաքրել Ազատության հրապարակը մինիմալ կորուստներով և Քոչարյանը հրահանգել էր իրականացնել օպերացիան: Քոչարյանն այնքան վստահ էր, որ ամեն ինչ հարթ կընթանա, որ անգամ պատրաստվում էր այդ օրը գնալ Ծաղկաձոր դահուկ քշելու: Մարտի 1-ի և հաջորդ երեկոյան տեղի ունեցած բախումները, ինչպես նաև արտակարգ դրությունը սասանեցին հասարակական վստահությունը և հավատը կառավարության նկատմամբ: Նա նաև նշել է, որ «հրապարակում հավաքված ժողովրդի 90 տոկոսը լավ մարդիկ էին, որոնք արժանի չէին իրենց կառավարության կողմից նման բռնության ենթարկվելուն», – գրում է Փենինգթոնը:
Իսագուլյանի կարծիքով` ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության ղեկավարները պետք է հրաժարական տան, սակայն իշխանությունները չեն գնա այդ քայլին, որովհետև դա կարող է որպես թուլության նշան ընկալվել:
Նախագահի խորհրդականը նաև պատմել է, որ ինչպես գրավոր զեկույցներում, այնպես էլ նախագահի, վարչապետի և փոխվարչապետի հետ մարտի 3-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում որոշ խորհուրդներ է տվել հասարակական վստահությունը և լեգիտիմությունը վերականգնելու հարցում: Նա խորհուրդ է տվել վերացնել մամուլի նկատմամբ ունեցած սահմանափակումները, ընդդիմությանը հեռուստաեթեր տրամադրել, ազատ արձակել պետրոսյանամետ քաղաքական գործիչներին: Իսագուլյանը, սակայն, նշել է, որ իր խորհուրդներին դժվար թե հետևեն:
Զրույցում Իսագուլյանը խոսել է նաև Արթուր Բաղդասարյանի` իշխանության մեջ ընդգրկվելու փաստի մասին` նշելով, որ դա միայն խորացրեց հասարակական հակակրանքը տիրող իրավիճակի նկատմամբ: Ըստ Իսագուլյանի` «Արթուրի օգտին քվեարկողների 80 տոկոսը պարզապես ատում է կառավարությունը»:
«Իսագուլյանի ծայրահեղ ազգայնական ուղեղի միակ պայծառ կետը նրա վստահությունն է առ այն, որ Սարգսյանը այժմ քաղաքականապես այնքան անդառնալիորեն վնասված է, որ երբեք ի վիճակի չի լինի բանակցել Լեռնային Ղարաբաղի կամ օկուպացված տարածքների անգամ մի կտոր հողի շուրջ: Իսագուլյանը նշել է, որ եթե նման բան լինի, նա անմիջապես կզրկվի իշխանությունից, այնպես, ինչպես ԼՏՊ-ն 90-ականներին:
Մենք Իսագուլյանի խոսքերը որոշակի զգուշավորությամբ ենք ընդունում` հասկանալով նրա նախապաշարմունքներն ու ինքնագովասանքի ցանկությունը», – գրում է Փենինգթոնը: