Հայաստանի փոքր լինելը չպետք է բարդութավորման պատճառ դառնա: Երկրի մեծ չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է և արդյունավետ մյուս նախագահներից: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը և ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի և Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը», – ասել է Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահն անդրադարձել է նաև գլոբալիզացիային` նշելով այդ գործընթացը թելադրում է տնտեսական քաղաքականության որոշ չափորոշիչներ, որոնց անտեսումը պարզապես կործանարար է երկրի տնտեսության համար:
«Պետք է ընկալել նոր ծնվող միտումները, եւ ոչ թե վազել-հասնել դրանց: Հայաստանը պարզապես պարտավոր է և կարող է համաշխարհային ցուցանիշներից շատ ավելի արագ զարգանալ», – համոզմունք է հայտնել Քոչարյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար:
«Թե ինչպես այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը:
Անդրադառնալով Եվրամիության մոդելին` Քոչարյանը նշել է, որ այն գործում է միայն Եվրոպայում, ունի ընդգծված եվրոպական առանձնահատկություն և, տեսանելի հեռանկարում, ինտեգրացիայի նման աստիճան որևէ այլ տեղում չի սպասվում:
«Հենց նույն ԵՄ-ում ոչ ոք չի պատրաստվում հրաժարվել ազգային պետություններից, չէ՞ որ դա պետությունների միություն է: Կարծում եմ, որ անկախ պետությունները դեռևս երկար ժամանակ կշարունակեն լինել միջազգային իրավունքի հիմնական սուբյեկտները», – ասել է ՀՀ երկրորդ նախագահը: