«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում երեկ բացվեց նոր ուղևորային համալիր, որն ունի տարեկան 3.5 մլն. ուղևոր սպասարկելու հնարավորություն՝ առանձնացնելով մեկնող և ժամանող ուղևորների հոսքերը: Համալիրում ուղևորահոսքերի սպասարկումը կսկսվի հոկտեմբերից:
Օդանավակայանի ենթակառուցվածքի և շինությունների արդիականացման, միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ աշխատանքներն իրականացրել է 2002թ.-ից «Զվարթնոց»-ի կառավարումն ստանձնած ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքված պայմանագրի համաձայն: Աշխատանքներն իրականացվել են երեք փուլով. առաջին փուլում իրականացվել է օդանավակայանի հին ենթակառուցվածքի՝ ներառյալ վազքուղու և թռիչքադաշտի վերանորոգումն ու վերազինումը, կառուցվել են նոր շինություններ: Երկրորդ փուլում մեկնարկել է ուղևորային նոր համալիրի կառուցումը՝ մեկնման և ժամանման սրահներով: Շինարարությունն իրականացվել է 2004-2007թթ.: Երրորդ փուլում՝ 2008-2011թթ. ուղևորային համալիրի կառուցումն ամբողջացվել է օդանավակայանի հանրային գոտում նոր տերմինալի, ժամանման և մեկնման հասարակական սրահների և ավտոկանգառի շենքի կառուցմամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի փոխամցմամբ` համալիրի բացման արարողությանը ներկա է եղել Սերժ Սարգսյանը: