20 տարի առաջ տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ստիպված էին լքել իրեն հարազատ տները: Ամեն մի փախստական ցավով և ապրումներով լի առանձին պատմություն է: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան», որի թղթակից Սոխբետ Մամեդովը հարցազրույց է վերցրել Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի առաջնորդ Բայրամ Սաֆարովի հետ:
Մինչ զրույցը լրագրողը գրում է. «Ես ասում եմ «ղարաբաղցիներ», քանի որ հենց այդ տերմինը պետք է բնորոշի Ղարաբաղից գնացած մարդկանց` ինչպես հայերին, այնպես էլ ադրբեջանցիներին: Գոյություն չունեն այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են ղարաբաղյան հայեր, կամ ղարաբաղյան ադրբեջանցիներ»: Բայրամ Սաֆարովը, իր հերթին, նշում է, որ իր սերունդը դեռ հիշում է համատեղ բնակության ժամանակաշրջանը և կարող է իր մեջ հաղթահարել օտարման և ատելության զգացումը:
«Սակայն երիտասարդությունը մեծանում է ատելության պայմաններում, քանի որ անհնար է մոռանալ այն ամենն, ինչի պատճառով երիտասարդները մնացան առանց տանիքի և հողի: Օկուպացիայի պայմաններում ատելությունը միայն կարող է աճել: Մենք նույնքան իրավունքներ ունենք Ղարաբաղում ապրելու, որքան հայերը»,-նշել է Սաֆարովը:
Ղարաբաղի հայկական բնակչությունը, նրա կարծիքով, շահագրգռված չէ հակամարտության շարունակման մեջ, այն դարձել է «հանգամանքների գերին»:
«Ինչպես հայերի, այնպես էլ ադրբեջանցիների համար լավ կլիներ, եթե զինամթերքի և բանակների վրա ծախսվող ֆինանսները տրամադրվեին մարդկանց բարեկեցության բարձրացման ու շրջանի վերականգնման գործին», – ասել է Սաֆարովը:
Լուսանկարը` haycafe.ru