ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների գլխավոր կարգախոսը` «Հայաստանը դու ես», ոչ թե հայրենի PR-շչիկների ստեղծագործ մտքի արգասիքն է, այլ փոխառնված է գերմանացիներից, գրում է «168 ժամ» օրաթերթը:
Թերթի հետ զրույցում գերմանահայ գիտնական, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, PR-ի ճանաչված մասնագետ Վազրիկ Բազիլը հայտնել է, որ «Հայաստանը դու ես»-ը գերմանական «Du bist Deutschland» (Գերմանիան դու ես) կարգախոսի բառացի թարգմանությունն է, որն օգտագործվել է տարիներ առաջ միջազգային մարզական խաղերի ժամանակ:
«Գերմանիայում ի դեպ, այս լոզունգը միայն ցուցադրելով չէին սահմանափակվում: Բանվորն էր խոսում, երեխան, ֆուտբոլիստը և այլն…Իմաստն այն էր, որ նրանք ցանկանում էին ասել` նաև մենք ենք պատասխանատու մեր երկրի համար, Գերմանիան միայն նախագահները չեն, Գերմանիան աբստրակտ մի բան չէ: Գերմանիան մենք ենք: Մի խոսքով` զարմացա, քանի որ պարզապես թարգմանել են մեկ այլ երկրի լոզունգը», – ասել է Բազիլը: