«Շատ քաղաքացիների նման` ես կցանկանայի, որ անկախության 20-ամյակին նվիրված զինվորական շքերթի ամբիոնին միաժամանակ կանգնած լինեին Հայաստանի երեք նախագահները` մարդիկ, որոնք մեր պատմության դժվարին տարիներին եղել են մեր զինված ուժերի գլխավոր հրամանատարները», – իր այսօրվա խմբագրականում գրում է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը:
«Ինչպես հայտնի է, այդ ցանկությունն ունեցող քաղաքացիների շարքում է նաև Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց` չստացվեց», – գրում է Աբրահամյանը` հիշեցնելով, որ առաջին նախագահը մերժեց հրավերը` իր ներկայացուցիչների միջոցով բերելով «ավազակապետական ռեժիմի» մասին հայտնի պատճառաբանությունը, իսկ երկրորդ նախագահը ոչ մի «մեսիջ» չուղարկեց` չնայած տոնակատարությունների ժամանակ Հայաստանում ներկա չլինելը ինքնին «մեսիջ» է:
«Փաստն, իհարկե, ցավալի է` չնայած «մերժողները» 100 տոկոսով վստահ են իրենց իրավացիության մեջ: Մասնավորապես, նախկին իշխանությունը ներկայացնող իմ բարեկամները հաճախ նեղվում են` ինչո՞ւ եմ ես հավասարության նշան դնում իրենց (այսինքն` իրենց պես փերիների և հրեշտակների) և ներկայիս ավազակների միջև: Որոշ դեպքերում այդ հավասարության նշանը միանգամայն տեղին է, իսկ երբեմն` անտեղի: Ես հավասարության նշան եմ դնում Լևոն Տեր-Պետրոսյանի (1996-ից), Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի լեգիտիմության աստիճանի միջև: Հավասարության նշան եմ դնում երեք նախագահների օրոք կոռուպցիայի, անօրինականությունների և կամայականությունների միջև: Հավասարության նշան չեմ դնում առաջին նախագահի և հաջորդ նախագահների գիտելիքների, ինտելեկտի միջև: Ամեն մի նախագահ, ամեն մի ժամանակաշրջան ունի իր առավելություններն ու թերությունները: Բայց Երրորդ հանրապետության 20-ամյակը այնպիսի առիթ է, երբ թե մենք` քաղաքացիներս, և թե իրենք` նախագահները, պետք է ոչ թե մոռանան այդ ամենի մասին, այլ մեկ օր, մի քանի ժամ դրանից բարձր կանգնեն: Մենք բոլորս` նախագահների հետ միասին, պիտի արժևորենք անկախ պետություն ունենալու փաստը, որը ինքնին նվաճում է, ինքնին հպարտության առարկա: Բոլոր տեսակի քաղաքական և անձնական դեմարշները կարելի է թողնել մնացած օրերի և տարիների համար:
Ինչպե՞ս կընկալվեր առաջին և երկրորդ նախագահների որոշումը` մասնակցել տոնական միջոցառումներին: Բնականաբար, տարբեր ձևով: Գուցե թունդ ընդդիմադիրները դրանից հիասթափվեն: Գուցե չարախոսողներն ու բամբասողները ուրախանային` բա որ ասում էինք, որ նրանց միջև ախպերություն կա»: Բայց պետական ավանդույթները ստեղծվում են ոչ թե այօրվա հասարակական ընկալումների համար, այլ հակառակը` որպեսզի մարդիկ դուրս գան ներկայիս թայֆայական-կենցաղային կարծրատիպերից: Այսինքն` որ անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված շքերթի ժամանակ նրանք մտքում ասեն` մեր զորքերը, մեր տանկերը, մեր նախագահները», – գրում է Արամ Աբրահամյանը: