«Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը բաց նամակ է հղել ԵԽԽՎ-ը, որտեղ նշում է, որ սեպտեմբերի 8-ին ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովի կողմից ընդունած բանաձևի նախագիծն իր մեջ հայաստանյան հասարակության համար անընդունելի մի շարք դրույթներ է պարունակում և բացարձակապես չի արտահայտում Հայաստանում առկա մթնոլորը:
Հիշեցնենք, որ նախագիծը քննարկվելու է ԵԽԽՎ լիագումար նիստին հոկտեմբերի 7-ին:
«Հատկապես մտահոգիչ են 2008թ մարտի-1-ի տասը դեռևս չբացահայտված սպանությունների էջը փակված համարելու և Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին անհիմն պնդումները: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանում ստացել են բազմակողմանի տեղեկատվություն հնարավոր բոլոր աղբյուրներից, լավ տիրապետում են մեր երկրում առկա իրավիճակին և նրանց կողմից նախագծի նման տարբերակ առաջարկելն առնվազն տարօրինակ է», – գրում է Վարդան Հարությունյանը:
Նա հիշեցնում է, որ իրավապաշտպան միջազգային ու տեղական կազմակերպությունների, եվրոպական կառույցների, այդ թվում` ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ԱՄՆ Պետդեպի կողմից բազմիցս հրապարակայնորեն դատապարտվել է այն փաստը, որ ՀՀ գործող իշխանությունները 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո սկիզբ առած բազմահազարանոց բողոքի ցույցերը ցրելու նպատակով 2008թ մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել են բանակը, զինված ոստիկանությունը, ռազմական տեխնիկա ու հրազեն, ինչի արդյաունքում, 150-ից ավել մարդ քաղբանտարկյալի կարգավիճակով հայտնվել են բանտերում, 200-ից ավելը վիրավորվել են, իսկ տասը` զոհվել:
«Անցած այս երեք տարիների ընթացքում իշխանությունները ոչ միայն որևէ քայլ չեն ձեռնարկել մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, այլև խոչնդոտել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նրանք անգամ թույլ չտվեցին, որ միջազգային կառույցների և հայաստանյան հանրության ճնշման արդյունքում ստեղծված մարտի 1-ի գործը ուսումնասիրող փաստահավաք խումբը շարունակի իր աշխատանքները և այն լուծարեցին: Քանի դեռ մարտի 1-ի գործը չի բացահայտվել և սպանությունների ու կատարած բռնությունների մեղավորներն արդար ու անկաշկանդ դատարանի առաջ պատասխան չեն տվել ոչ ոք, այդ թվում և ԵԽԽՎ-ը, չի կարող բացառել, ու այն չի կրկնվելու: Ոչ ոք որևէ բարոյական իրավունք չունի պնդելու թե Հայաստանի ժամանակակից պատմության այդ էջն այլևս փակված է: Էլ չենք խոսում այն մասին, որ կեղծված ընտրությունների հետ չհմակերպվող ժողովուրդը միշտ էլ արտահերթ ընտրություններ պահանջելու իրավունք ունի:
Մեր այս նամակով հույս ենք հայտնում, որ բանաձևի այս նախագիծը, որ ակնհայտորեն ուղղված է Հայաստանում քաղաքական հալածանքների, բռնաճնշումների ու մարդկային զոհերի գնով իշխանության եկած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը ևպատիվ չի բերում ԵԽԽՎ-ին ու արժեզրկում է այս տարիների ընթացքում ԵԽԽՎ կատարած ողջ աշխատանքը Հայաստանում, հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում կամ կմերժվի կամ համապատասխանացվելով հայաստանյան իրականությանը կվերախմբագրվի», -եզրափակում է իրավապաշտպանը: