ՀՀ ոստիկանությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել է, որ «ընթացող Հայ Ազգային Կոնգրեսի կազմակերպած շուրջօրյա հավաքն անօրինական է, և դրա մասնակիցները ենթակա են օրենքով սահմանված պատասխանատվության«: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ ի կատարումն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի, հավաքի մասնակիցները պարբերաբար տեղեկացվել են այդ մասին: Այդուհանդերձ, հաշվի առնելով հավաքի խաղաղ բնույթը, ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում աջակցում է հավաքի անցկացմանը:
Ոստիկանությունը միաժամանակ տեղեկացնում է, որ այդ աջակցությունը կարող է շարունակվել միայն այնքան ժամանակ, քանի դեռ հավաքը պահպանում է իր խաղաղ բնույթը և դրա անցկացմամբ անհամաչափ կերպով չեն խախտվում հասարակական կարգը և այլոց սահմանադրական իրավունքները:
Ոստիկանությունն արձանագրում է, որ «ընթացող անօրինական հավաքի ժամանակ տեղի են ունենում հասարակական կարգի խախտումներ, մասնավորապես` հավաքի անցկացման վայր հանդիսացող մշակութային հուշարձանի տարածքում հավաքի մասնակիցները տեղադրել են մի քանի տասնյակ վրաններ«: Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին կոչ է անում հանել տեղադրված վրանները:
«Հասարակական կարգի և այլոց սահմանադրական իրավունքների անհամաչափ խախտման պարագայում ոստիկանությունը ձեռնամուխ կլինի օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացմանը, ընդհուպ մինչև հավաքի ցրումը», – ասված է հաղորդագրության մեջ: