ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ այցելել է M6 միջպետական մայրուղու 86-րդ կիլոմետրում` Վանաձոր- Բագրատաշեն ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքային գոտի:
Կառավարության ղեկավարը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանի ուղեկցությամբ ծանոթացել է սողանքի գոտում առկա իրավիճակին և կատարվող որոնողափրկարարական աշխատաքների ընթացքին:
Հիշեցնենք, որ 12 կորած անձանցից գտնվել են 7-ը: Կորած 5 մարդուց 2-ն ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ են:
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ սողանքի գոտում շուտով աշխատանքներն են սկսելու հանրապետության լավագույն երկրաբանները՝ պարզելու, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել այն:
«Սողանքի մասշտաբը շատ մեծ է. փլվել է ճանապարհին հարակից սարի 1/3-րդ հատվածը: Սողանքի առաջացման առիթ կարող է լինել մի քանի օր առաջ տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ երկրաշարժը: Ձևաորվել է օպերատիվ շտաբ, և բոլոր օպերատիվ ծառայությունները, այդ թվում՝ ոստիկանությունը, բուժսպասարկող և փրկարարական ուժերը, սկսել են ակտիվ որոնողափրկարարարական աշխատանքներ տանել», – ասել է Տիգրան Սարգսյանը:
Անդրադառնալով ճանապարհահատվածում կատարվելիք աշխատանքների ծավալներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս պահին պետք է սպասենք երկրաբանների եզրակացությանը՝ որոշելու, թե նոր ճանապարհն ինչպե՞ս և ո՞ր հատվածում պետք է կառուցել: Հարկավոր է մեր լավագույն մասնագետներին ուղարկել այստեղ, որպեսզի գտնենք ճանապարհի կառուցման լավագույն ռազմավարությունը»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ այս պահի դրությամբ առաջնային հարցը մոտակա գյուղերի բնակիչների համար փլված ճանապարհահատվածը շրջանցող նոր ուղղություն գտնելն է:
Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ հնարավորինս սեղմ ժամկետներում կարգավորել սողանքի գոտուն շրջանցող 3 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածում առկա խնդիրները՝ այն մարդատար ավտոմեքենաների համար երթևեկելի դարձնելու նպատակով: