«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը վստահ է, որ օրենքի փոփոխությունը, որից հետո թերթերի դեմ սկսեցին դատական հայցեր հարուցվել, հանձնարարվել է նախագահականից:
«Եվ ասվել է օլիգարխներին, որ հաշվեհարդար տեսնեն այն թերթերի հետ, որոնք վերահսկելի չեն», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է Բաբաջանյանը:
Նա հիշեցրել է, որ թերթի դեմ ներկայացված երեք հայցերն էլ այժմ գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում:
«Ես պետք է նշեմ, որ դեռ ամիսներ առաջ ասուլիսի ժամանակ առաջարկեցի, որպեսզի միակամություն լինի թերթերում: Գոնե ընդամենն ընդդիմադիր թերթերով հավաքվենք և տպագրենք այն հոդվածը, որը հայցի առիթ է դարձել: Այդ իմ առաջարկը արձագանք չգտավ», – նշել է Բաբաջանյանը:
Ասուլիսի մեկ այլ մասնակից` «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, նշել է, որ ամեն անգամ, երբ փոստատարը բախում է խմբագրության դուռը, ինքը մտածում է, թե ինչ նոր հայց կա խմբագրության դեմ:
«Այնպիսի մի պղտոր վիճակ է ստեղծվել մեր երկրում, որ կարող են մեզ դատի տալ ուրիշից արտատպած նյութի համար, թարգմանած նյութի համար: Ինքս առաջարկել էի սկսել ակցիաների շարք: Մասնավորապես, եթե որևէ նոր մեղադրանք ենք ստանում, հայցվորի նկարը տպագրենք առաջին էջին սև ռամկայով: Այսօր «Հրապարակ» օրաթերթն ունի երեք հայց և երեք նոր հայցի սպառնալիք: Դիմում են միայն օլիգարխները, օրենքը հատուկ ընդունվել է օլիգարխների, պաշտոնյաների իրավունքները էլ ավելի պաշտպանելու համար: Սա այլ կերպ, քան ազատ մամուլի դեմ ուղղված գործընթաց, հնարավոր չէ անվանել», – ասել է նա:
Լրագրողների մեջ միասնականության բացակայության մասին խոսել է նաև ասուլիսի մանսակից, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
«Լրագրողական համայնքը բաժանված է տարբեր խմբերի, ինչը խոչընդոտ է: Գոնե այն լրատվամիջոցները, որոնք նույն դաշտում են, պետք է միասնական լինեն և օգնության ձեռք մեկնեն միմյանց, պետք է խմբագիրները հավաքվեն և որոշեն, թե ինչ քայլեր են անելու: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մեկ շաբաթից կհրապարակի երրորդ եռամսյակային հաշվետվությունները: Նշեմ, որ երրորդ եռամսյակում ավելի քիչ չեն եղել դատական գործերը, քան երկրորդ եռամսյակում: Երբ օրենքը փոխվում էր և քննարկումներ էին գնում խորհրդարանում, մեզ շատ հաճախ հարցնում էին` իսկ դուք դե՞մ եք, որ վիրավորողն ու զրպարտողը պատասխանատվություն կրի:
Մենք, բնականաբար, ասում էինք` ոչ, բայց չպետք է ցանկացած քննադատություն համարվի վիրավորանք: Ափսոս, որ այն ժամանակ մեր ոչ բոլոր առաջարկները հաշվի առան, իսկ նրանք, որոնք հաշվի են առել, չեն կիրրառվում: Ցավոք, ես տեսնում եմ, որ եթե օլիգարխը վիրավորում է լրագրողին, դա վիրավորանք չի համարվում, բայց եթե լրատվամիջոցը արտատպում է որևէ հոդված, դա արդեն հայցի առիթ է», – ասել է Մելիքյանը: