Հայ Ազգային Կոնգրեսը շրջանառության մեջ է դրել «Սահմանադրական հեղափոխություն» եզրը՝ ինչու՞: Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքին հնչեցրած իր ելույթում այս հարցն է բարձրացրել հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը:
«Կարծես, Սահմանադրություն ունենք, և ունենք վաղուց, բայց այն չի գործում՝ ո՞րն է պատճառը: Պատճառը առանձին անձանց նենգությունը չէ, այստեղ մենք գործ ունենք որոշակի, շատ հին ու կայուն մշակույթի հետ, վարչա-հրամայական մշակույթն է դա, երբ որ երկրում գոյություն ունի իշխանություն: Այդ իշխանությունը ինքն իրենից իմաստներ է արտադրում, փիլիսոփայում է, ստեղծագործում է, մեկնաբանում է օրենքը, գնահատում է մարդկանց՝ իրեն դուր են գալիս, թե ոչ, և ձգտում է ձևավորել, կերտել մարդկանց իր ուզած ձևով: Մի խոսքով՝ նման մշակույթում իշխանությունը ապրում է ու ինքնադրսևորվում, իսկ քաղաքացին կոչված է իրենով ապահովել այդ կյանքը: Երբ քաղաքացին դրսևորում է ինքնուրույնություն, նախաձեռնողականություն՝ նա ճնշվում է իշխանության կողմից իբրև կոնկուրենտ», -պարզաբանել է հրապարակախոսը:
Նրա խոսքով` ի հակադրություն վերոնշյալ մոդելի, Սահմանադրությունը, սահմանադրական մշակույթը ասում է՝ մարդն է, քաղաքացին է իշխանություն, մարդն ունի անվերապահ՝ այսինքն, իշխանության կարծիքներից, մտադրություններից, հարմարությունից չկախված իրավունք, ինքնիշխան լինելու ազատություն:
ՀԱԿ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը նպատակ ունի կատարել անցումը առկա իշխանակենտրոն մշակույթից, կացութաձևից դեպի ապակենտրոնացված, մարդակենտրոն մշակույթ: Դա՝ մշակութային հեղափոխություն է, որովհետև այդ անցման հետևանքով փոխվելու են բոլոր հասարակական հարաբերությունները, բոլոր ոլորտներում, վերաձևավորվելու են կառավարական բոլոր համակարգերը:
Նեդոլյանը նշել է, որ ՀԱԿ-ը ձևակերպել և հասարակությանն է է ներկայացրել կյանքի հիմնական ոլորտների արմատական փոփոխությունների ծրագրերը, հայեցակարգերը, որոնք բոլորն էլ հիմնված են սահմանադրական մշակույթի մարդակենտրոն եզրի վրա:
«Այդ մշակութային անցումը կարելի է անվանել քաղաքացու իշխանավորում: Պատկերացնենք ինքնիշխան, հավասար քաղաքացիներից բաղկացած մի հասարակություն: Պարզ է, որ իրար հետ հաղորդակցվելու, միասնաբար գործելու լրիվ ուրիշ կանոններ ու կառավարման համակարգեր են այդտեղ գործելու՝ մասնակցային և ոչ հրահանգային կառավարում, անհատական նախաձեռնությունների համակարգում և ոչ դրանց ճնշում հրահանգի կամ արգելքի միջոցով:
Պահանջվում է նաև նոր մշակույթ՝ չէ՞ որ մշակույթը դա եկեղեցիներ-նկարները չեն, դրանք` մշակութային ժառանգություն են, իսկ մշակույթը՝ դա մարդկանց իրար հետ հարաբերվելու ձևն ու որակն է: Եթե էականը դա վերադասի, իշխանության հետ հարաբերվելն է, ապա ուրեմն՝ կողքինի, մերձավորի հետ հարաբերվելու էական նյութ չկա, իր հետ ինչ-որ բանի մասին պայմանավորվելու, համոզելու, փոխադարձ վստահություն առաջացնելու կարիք էլ չկա, հասարակությունում հաստատվում է լռության կամ ստի մշակույթ: Սահմանադրական հասարակությունում, իսկ եթե կարճ՝ Հանրապետությունում է միայն, որ պահանջված է լինում կողքինը, հավասարը, պահանջված է լինում բանական և կոմունիկատիվ, և ոչ ուժային մշակույթ:
Մենք այստեղ, Ազատության հրապարակում, հնչեցնում ենք այդ գործուն, պատասխանատու, այսօրվա հասարակությունում նաև՝ միակ այն խոսքը, որը վերածվում է ապագայի բանական տեսլականին, և որը ներկայում վերածվում է ուղիղ գործողության:
Դրանով մենք մասնակցում ենք Մարդկության կյանքում, մարդկային պատմությունում, քանի որ պատմության միակ իմաստը դա է՝ ամեն մեկի գործնական ազատությունը, որը երաշխավորված է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում», – ասել է Արա Նեդոլյանը: