ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:
Սերժ Սարգսյանը միջկառավարական հանձնաժողովի շրջանակում աշխատանքը համարել է արդյունավետ ձևաչափ` երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման համար:
Քուվեյթի ֆինանսների նախարարը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է բարեկամ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցով, և այցի ընթացքում ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այդ հնարավորությունները հանգամանորեն քննարկվել են: «Մենք այս օրերին տեսանք, թե որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում: Դա ևս մեզ ոգևորում է: Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը ճիշտ ուղղու վրա է, և հաստատակամ ենք մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդել նաև տնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- ասել է Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին:
Համագործակցության համար հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ: Երկուստեք կարևորվել է քննարկումների արդյունքում ստորագրված` Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացման համար: Երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարևորել են նաև Հայաստանում դեսպանություն հիմնելու՝ Քուվեյթի կառավարության որոշումը` նշելով, որ շուրջ մեկ տարուց ավելի Քուվեյթում բացված ՀՀ դեսպանության հետ միասին Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունը զգալիորեն կնպաստի հայ-քուվեյթական կապերի սերտացմանը:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանն արաբական աշխարհի, այդ թվում` Ծոցի պետությունների հետ արդյունավետորեն զարգացնում է միջպետական հարաբերությունները, որի հիմքում հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն է: