«Բա մեզ պետք ա էս Սարկոզին, էս ի՞նչ են անում», – երթուղայինի վարորդը նյարդայնացած բողոքում էր` կանանց ներկայությամբ փորձելով խուսափել ավելի կոպիտ արտահայտություններից:
«Սարկոզին կապ չունի, էդ Սերժն ա, որ տենց ա անում», – պատասխանեց ուղևորներից մեկը:
Մինչ Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ Ֆրանսիայի հրապարակում Ռոդենի արձանի նվիրաբերման հանդիսավոր արարողությանն էին մասնակցում, Երևանն ամբողջովին կաթվածահար էր: Փակ էին գրեթե բոլոր կենտրոնական փողոցները, որոնք տանում էին դեպի Օպերա, ինչպես նաև ծայրամասերից քաղաքի կենտրոն բերող հիմնական մայրուղիներն ու պողոտաները:
Epress.am-ի թղթակիցը ստիպված էր իջնել երթուղայինից, որն անհույս մնացել էր խցանման մեջ, և տաքսիով փորձել շրջանցիկ ճանապարհ գտնել: Սակայն դա էլ չհաջողվեց. Գայի պողոտայից մեքենաները փորձում էին քաղաք հասնել Նորքով և Սարի թաղով, բայց դրանց հոսքն այնքան շատ էր, որ ևս մեկ խցանում էլ այնտեղ էր ստեղծել: Ընթացքում կայքի մյուս աշխատակիցները հայտնում էին, որ ոտքով դեպի խմբագրություն` Ալեք Մանուկյան փողոց շարժվում են Բաղրամյան պողոտայից:
«Ժողովրդի ինչի՞ն ա էս Սարկոզին պետք: Մենք մենակ հիշելու ենք, որ ճանապարհները փակ են: Ոչ մի լավ բան մեզ չի լինելու», – բողոքում էր արդեն տաքսու վարորդը:
Epress.am-ի աշխատակիցը, ով բազմաթիվ մարդկանց հետ իջնում էր Բաղրամյան պողոտայով, պատմում էր, որ աշխատանքից ուշացած ու նյարդերը քայքայած մարդիկ արտահայտություններ չէին խնայում ստեղծված իրավիճակի և դրա պատասխանատուների հասցեին:
«Էդ արձանը ջհանդամիս ա, հացի վրա՞ եմ քսելու», – բարձր արվեստի նկատմամբ բացարձակ անհաղորդակից էր տղամարդկանցից մեկը:
«Մթոմ էդ արձանը խի՞ են նվիրում: Էդ ո՞վ ա, հայ ժողովրդի հերթական բարեկա՞մը», – հացրնում էր մի կին: Զավեշտալի իրավիճակն էլ ավելի էին խճճում ճանապարհային ոստիկանները, ովքեր, թվում էր, փորձում էին կարգավորել երթևեկությունը: Նրանցից մեկը ցույց էր տալիս, որ կարելի է շարունակել ճանապարհը, այդ պահին հայտնված մեկ այլ ոստիկանական մեքենա հրահանգում էր մեքենաներին կանգնել, և այդպես շարունակ:
Օգյուստ Ռոդենի հեղինակած նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նորամուտը Հայաստան նյարդային ստացվեց:
«Դե սպանին էլի սրանք, բան չեն կարում կազմակերպեն: Թող էլ մարդ չգա էս երկիրը, զզվել ենք», – սա էր Epress.am-ի թղթակցին 2 ժամվա ընթացքում Ավանից կենտրոն բերած տաքսու վարորդի վերջին մաղթանքը: