Մակեդոնիայի հավաքականի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ֆուտբոլիստներին խնդրել էր ուշադրություն չդարձնել այն աժիոտաժի վրա, որը ստեղծվել էր թիմի շուրջ վերջին հաղթանակներից հետո: Այս մասին Մինասյանն ասել է խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Մինասյանի խոսքով` չնայած արդյունքին, ինքը Մակեդոնիայի հետ խաղի որակից գոհ չէ. «Ծանր խաղ էի ակնկալում, և առաջին իսկ րոպեներից լարվածություն կար: Առաջին 20-25 րոպեներին խաղը չէր ստացվում», – ասել է մարզիչը:
Նրա խոսքով` մրցակիցը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մեր դարպասի մոտ, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ռոբերտ Արզումանյանի բացակայության պայմաններում պաշտպանության կենտրոնում առաջին անգամ էին միասին խաղում դաշտ դուրս եկած ֆուտբոլիստները:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Արզումանյանին, ապա, Մինասյանի խոսքով, պաշտպանն արդեն մարզվում է, և թիմի հետ կմեկնի Իռլանդիա:
Իռլանդիայի հետ խաղի մասին մարզիչը հրաժարվեց խոսել` նշելով, որ ամենակարևորն այն է, որ այդ խաղից առաջ որակազրկումներ չեղան:
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի հետ հանդիպումը ավարտվեց 4-1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Մարկոսը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Արթուր Սարկիսովը: