Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով մրցավարի սխալի պատճառով հեռացվեց դաշտից Իռլանդիա-Հայաստան հանդիպման 26-րդ րոպեին, խոստովանել է, որ Իռլանդիայում լաց չի եղել:
«Հիմա պարզապես շատ ցավալի է: Ուրիշ ոչինչ: Իսկ երբ կարմիր քարտը տեսա, ապշեցի: Ես միայն մի բան էի կրկնում` նայելով մրցավարին`«Նոու, Նոու»: Իռլանդիայում լաց չեմ եղել: Հոգեկան տանջանքները գագաթնակետին հասան միայն առավոտյան կողմ, երբ արդեն Երևան էինք ժամանում: Հենց այնտեղ` օդանավակայանում, ես գիտակցեցի հուսահատության չափը: Մարդիկ էին հավաքվել և ծափահարում էին մեզ ինչպես հաղթողներին: Դա ինձ մինչև հոգուս խորքը հուզեց: Եվ հենց այդ պահին հասկացա, թե որքան հուզված են մեր երկրպագուները», – «Ռեգնում» գործակալությանն ասել է Բերեզովսկին:
Հայաստանի հավաքականի դարպասապահը նաև պատմել է, որ խաղից հետո մրցավարի հետ խոսելու բոլոր փորձերը անհաջողության են մատնվել: «Նրա հետ բացատրվելու փորձեր են եղել, սակայն ապարդյուն: Մեր ֆեդերացիայի ղեկավարությունը փորձում էր բացատրվել: Բայց մրցավարը խուսափեց շփումից: Ասում են` կտրուկ տոնով ինչ-որ բան է պատասխանել, բայց շեմից ներս չի թողել, և դուռն ուժգին փակել է: Ես չեմ մասնակցել նրա հետ խոսելու փորձերին: Շատ վիրավորական էր այն փաստը, որ այլևս ոչինչ չես կարող փոխել: Եթե վերլուծենք նրանց որոշումները, մրցավարներն առհասարակ իրենց ոչ ադեկվատ էին պահում: Մենք ճակատագրական դրվագի տեսագրությունը կրկին ու կրկին նայում էինք և ապշում: Իռլանդացին ձեռքով օգնեց իրեն: Բայց դա, դուրս է գալիս, չնկատեց մրցավարներից և ոչ մեկը: Ես չէի հասցնի գնդակին մոտենալ, իմ խնդիրը հարձակվողին վախեցնելն էր, ստիպել, որ սխալվի: Եվ Կոքսը սխալվեց, գնդակն իմ կողմն ուղարկելով: Եվ ինչպե՞ս իմ դեպքում ձեռքեր տեսան»,- պարզաբանել է Բերեզովսկին:
Դարպասապահի խոսքով` ուժերի իրական դասավորությունը դաշտում թույլ էր տալիս մտածել, որ Հայաստանի հավաքականն ի վիճակի էր հաղթել իռլանդացիներին և զբաղեցնել երկրորդ տեղը խմբում: «Մենք մեր մեջ հաղթելու ուժեր էինք տեսնում: Սկզբում սխալներ էինք թույլ տալիս փոխանցումներում, բայց աստիճանաբար հարմարվեցինք անծանոթ միջավայրին: Եվ անգամ զգացինք, որ գերազանցում ենք հակառակորդին: Այո, մենք արժանի էինք խմբի երկրորդ տեղին: Իսկ առաջինը Ռուսաստանն է, խոսք չկա»,-նշել է նա:
Բերեզովսկին վստահ է, որ ՈՒԵՖԱ-ն պետք է տեսաձայնագրությունների կրկնություն մտցնի, որպեսզի խուսափի նման իրավիճակից: «Վաղուց պետք է կրկնապատկերներ մտցվեն` հատուկ իրավիճակների և ամենաբարձր մակարդակի խաղերի համար»,- ընդգծել է դարպասապահը: Չեմ կարծում, որ Կոքսի դեպքի նման պահեր շատ կլինեն: Դրանք շատ ժամանակ չեն խլի վերլուծության համար: Չէ որ հոկեյում պայքարում են անհեթեթ իրավիճակների դեմ, նայում են տեսագրությունը: Այն, ինչ պատահեց Իռլանդիայում, պարզապես մրցավարի սխալ չէր, որը ազդել է խաղի ելքի վրա: Այն ազդել է մարդկանց ճակատագրերի վրա:
Խոսելով Հայաստանի հավաքականում իր հեռանկարների մասին` 37-ամյա վետերանը ասել է, որ միայն ամռան կողմ կորոշի ապագայի հարցը: «Չէի ցանկանա: Մենք շատ լավ թիմ ունենք: Եվ ես կցանկանայի դեռ խաղալ թիմում: Սակայն հայտնի չէ, թե ապագայում ինչ կարող է լինել: Մինչև ամառ կկողմնորոշվեմ: Թող ժամանակ անցնի: Տեսնենք, ինչպես իրավիճակի կդասավորվի «Խիմկիում»: