Երեկ Epress.am-ն անդրադարձել էր «Հերմեկ» ՍՊԸ-ի 43 պարտատերերի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակին: Այսօր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բնակիչ Կարո Խաչիկյանը, ով նույնպես պարտատերերից մեկն է, նույն խնդրով կրկին դիմել է ՀՀ նախագահին:
«Հավատալով Հայաստանի ապագային հայրենասիրական խոր զգացմունքներով դրդված, Ամերիկայի Ֆրեզնո քաղաքից վերջնականապես հայրենիք տեղափոխվելու և բնակություն հաստատելու մտադրությամբ ու հեռանկարով, չորս տարի առաջ որոշեցի Երևանի Արամի 80 հասցեյով, «Հերմեկ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շենքում բնակարան գնել: Ըստ երկկողմ ստորագրված պայմանագրի, ընկերության տնօրեն Տիգրան Մուշեղյանը 24 ամսվա ընթացքում պարտավորվում էր հանդձնել բնակարանները մեզ` ապագա սեփականատերերիս: Պայմանագրում նշված պարտավորությունները ես և համոզված եմ, որ իմ նման մնացած բոլոր ապագա բնակիչները կատարել ենք բարեխճությամբ: Սակայն պարոն Մուշեղյանը, բռնելով խաբեպահության ճանապարհը, անընդմեջ ձգձգեց շինարարության ավարտը ամեն անգամ «փափուկ բարձ դնելով» ապագա սեփականատերերիս գլխի տակ: Ավելին, հետագայում պարզվեց, որ նա իր մտերիմներից ոմն գնդապետ Ալեքսան Աբրահամյանի հետ մտնելով ինձ համար անհասկանալի և կասկածելի հիմքեր ունեցող համաձայնության մեջ, շենքի առաջին և երկրորդ առևտրային հարկերը էժան գնով վաճառեց նրան, իսկ վերջինս, չվճարելով նշված 1600 ք.մ. ընդհանուր մակերեսով տարածքների իրական (շուկայական) գինը, դարձավ դրանց սեփականատերը: Ըստ ինձ հասած որոշ տեղեկությունների, ստացած գումարները պարոն Մուշեղյանը չի մուտքագրել ընկերության դրամարկղ, ինչով և ենթադրում եմ, որ փորձել է խուսափել հարկային իր պարտավորություններից: Այնուհետև, շենքը ավարտին հասցնելու պատճառաբանությամբ, (կրկին ինձ համար անհասկանալի իրավական հիմքերով) այն դնելով «ՎՏԲ-Հայաստան» բանկում գրավի տակ, ստացել է շինարարության ավարտի համար վարկ, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ շենքի կառուցումը մինչ այսօր ավարտի չի հասցվել, պարզ չե, թե ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել այդ վարկային միջոցները:
2010թ. տեղեկացվեցի, որ ընկերությունը սնանկության գործընթաց է նախաձեռնել և դատարանի կողմից սննկացման կառավարիչ է նշանակվել, ով մինչ վերջերս հույս էր տալիս մեզ, որ ամեն ինչ կանի, որպեսզի հիմնարկը տանի առողջացման: Դրա մասին էին վկայում նաև նրա հայցադիմումն առաջին ատյանի դատարան, որի արդյունքում դատարանը որոշում էր կայացրել ի օգուտ գնդապետի հետ կասկածելի գործարկը վիճարկող կողմի: Սակայն, ըստ ինձ հասած տեղեկությունների, ներկայումս զորացրված և երևի թե իրեն «հայրենասեր ու ազգասեր» համարող գնդապետը, իր անձնական շահը վեր դասելով մնացած մոտ 90 ընտանիքների շահերից, դիմել է վերաքննիչ դատարան և, իմ խորին համոզմամբ, վերաքննիչ դատարանի ականջին «խնամախոս փսփսուկներից» հետո, դատավոր Տիգրան Սահակյանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը, վտանգելով առողջացմանն ուղղված կառավարչի բոլոր ջանքերը: Ես, և իմ նման խաբված մնացած բոլոր ապագա սեփականատերերը կանգնել ենք փողոցում հայտնվելու վտանգի առաջ և հիմա փորձում ենք մեր ոտնահարված իրավունքները վերականգնել վճռաբեկ դատարանում», – նշում է նամակի հեղինակը:
Խաչիկյանը նաև համոզմունք է հայտնում, որ կախված այս պատմության վերջնական արդյունքից, այն կարող է ծառայել ինչպես դրական, այնպես էլ բացասական դաս իր նման այլ սփյուռքահայերի համար, որոնք ցանկություն ունեն վերդառնալ դեպի հայրենիք, դեպի մեր արմատները: