Հոկտեմբերի 21-ին լրանում է ժամկետը, երբ Մեծամորի ատոմակայանի տնօրինությունը պետք է լուծի ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցների խնդիրը։ Հոկտեմբերի 22-ից արդեն 158 հոգին կարող են աշխատանքի չներկայանալ, գրում է «Հայկական ժամանակը»:
ՀԱԷԿ-ի աշխատակիցները ազատման դիմումներ ներկայացրել էին սեպտեմբերի 20-ին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ազատման դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծարված։ Թերթի տեղեկություններով` Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի տնօրինությանը ներքին կարգով զգուշացրել է, որ եթե աշխատակազմի խնդիրը չլուծվի, ապա ատոմակայանի վերագործարկումը կարող է արգելվել՝ անհրաժեշտ մասնագետների բացակայության հիմնավորմամբ։ ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը «Հայկական ժամանակին» ասել է, որ ստեղծված իրավիճակի լուծման առնչությամբ ոչ մի նորություն չունի։ Նա հերքել է ՀԱԷԿ-ը չվերագործարկելու մասին լուրերը և ասել, որ աշխատանքներն այնպես են գնում, որ հնարավոր է ՀԱԷԿ–ը նախատեսվածից շուտ գործարկեն։ ՀԱԷԿ-ի պլանային վերագործարկումը նախատեսված է հոկտեմբերի 27–ին։