Երեկ ուժեղ երկրաշարժ գրանցվեց, որը զգացին Երևանում և Հայաստանի այլ շրջաններում: Հայաստանի մայրաքաղաքի բնակիչների մեծ մասը մեկ ակնթարթում խուճապի մեջ դուրս վազեց փողոց: Բջջային կապը չէր գործում, փողոցում մարդիկ չգիտեին տեղի ունեցածի ծավալների և հետևանքների մասին:
«Հետաքրքիր է, Լենինականո՞ւմ ինչ վիճակ է», «Որտե՞ղ է երկրաշարժ եղել», «Ավերածություններ կա՞ն», – այս հարցադրումներն էին անում անհանգստացած մարդիկ:
Տեղեկություններ չկային:
Սովորության համաձայն, որից վաղուց ժամանակն է հրաժարվել, միացրեցի հեռուստացույցը: 1,5 ժամվա ընթացքում սկզբում անհամբերությամբ , այնուհետև զարմանքով, նյարդայնացած սպասում ու սպասում էի, թե երբ հայկական հեռուստաալիքները ինչ-որ բան կհաղորդեն տարերային աղետի մասին: Ալիքներից մեկով ֆուտբոլ էր ընթանում, մյուսներով`համերգներ, սերիալներ… Չգիտեմ, գոնե մեկ «վազող տող» կա՞ր. չեմ նկատել:
Շուտով համացանցը սկսեց տեղեկություններ հաղորդել: Ռուսաստանյան ԶԼՄ-ները (!) սկզբում կարճ, այնուհետև ավելի մանրամասն հաղորդում էին երկրաշարժի մասին: Հայկական հեռուստաալիքները շարունակում էին երգել, նվագել, ուրախացնել:
Ես հարց ունեմ, հավանաբար հռետորական, հայկական հեռուստաալիքները նախկինի պես զանգվածային լրատվամիջո՞ց են: Թե՞ վաղուց ժամանակն է փոխել հապավումը: Տարբերակները շատ են`զանգվածային զվարճանքի միջոցից, մինչ զոմբիացման, և վատ ճաշակի ձևավորման միջոց:
Որտեղ էին նրանք, ովքեր պետք է օպերատիվ տեղեկատվություն հաղորդեին ինձ ու ողջ երկրին տեղի ունեցած երկրաշարժի մասին: Սա շարքային իրադարձություն չէր: Մայրաքաղաքի ուղիղ կեսը փողոցներում էր: Ի դեպ, այն երկրի մայրաքաղաքը, որը 1988 թվականին աղետալի երկրաշարժ էր ապրել:
Բոլոր հեռուստաալիքների տեղեկատվական ծառայությունները գործում են սովորականի պես, բայց դեպքը տեղի էր ունեցել կիրակի՞: Տեղեկացնել միշտ է պետք (այլ հարց է` ինչպես և ինչպիսի տեղեկատվություն մատուցել ամեն օր: Եվ սա TV-ների նկատմամբ անվստահության ևս մեկ պատճառ է), առավել ևս, երբ հասարակությունը անհամբերությամբ սպասում է ինչ-որ տեղեկությունների ահաբեկչությունների, տարերային աղետների ժամանակ:
Մի բան է, երբ հեռուստատեսությունը ընդունում է իր թուլությունը, ոչ լիարժեքությունը, թերի լինելը, պարզ հայտարարում է այդ մասին և փորձում պայքարել տիրող իրավիճակի դեմ: Սա արդար դիրքորոշում է, որին կարելի է կարեկցել: Եվ մեկ այլ բան է, երբ գովասանքային հռետորաբանությունը, ինքնահավանությունն ու ինքնագոհությունը կուլ են տվել եթերը և ծածկել երկիրը մինչ ականջները:
Իրականությունն այնպիսին է, որ հայկական հեռուստաընկերությունը ինձ համար տեղեկատվություն ստանալու հարցում երրորդական տեղում է: Հենց այդպիսի իմաստ ունի այն այս երկրի այլ, ոչ փոքրաթիվ քաղաքացիների համար: Իսկ Հայաստանի անկախությունը ցնցում է իր դրսևորումներով. մենք այնքան ազատ ենք, որ երկիրը ոտքի հանած երկրաշարժի մասին տեղեկատվություն ստանում ենք այլ երկրներից:
Պատրանքներն ավելի են քչանում, ինչը հիասքանչ է: Կոչ եմ անում բոլոր մտերիմներին որքան հնարավոր է քիչ դիտել հայկական հեռուստատեսություն: