Այսօր ԱԺ-ում կայացած ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը զրուցել է լրագրողների հետ
Լրագրողներին հետարքրքրող առաջին հարցը վերաբերում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքի մասին օրենքին: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ցանկ էր սահմանել, որում ընդգրկված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին սեփականության իրավունքով պատկանող, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, շենքերն ու շինություներն ազատվում են գույքահարկից:
Կառավարության պնդմամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող շենքերի ու շինությունների, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքահարկի և հողի հարկի հաշվառում և գանձում չի իրականացվել, այդ իսկ պատճառով համայնքների բյուջեներում եկամուտների նվազեցում չի լինի:
«Այնքանով, որքանով Մայր Աթոռը պատրաստ կլինի ընդունել այդ գույքը, այնքանով պետությունը փուլ առ փուլ պետք է այն վերադարձնի Սուրբ Էջմիածնին և այստեղ ոչ մի արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի», – ասել է վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ օրենքի կիրառումից համայքները ֆինանսական վնասներ չեն կրելու:
Լրագրողների այն հարցին, թե ինչու այդ օրենքն ավելի շուտ չէր ընդունվում, Տիգրան Սարգսյանն ասել է, որ օրենքի նախագիծը քննարկվել է 2,5 տարի:
«Այս օրենսդրական ակտի ընդունումը հնարավորություն կտա վերջապես սեփականության վկայական տրամադրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, հստակ հատակագծերը սահմանել, թե ինչ հողեր են հատկացնում Մայր Աթոռին, որոնք, ըստ էության, այսօր էլ որոշ եկեղեցիներում տնօրինվում են Մայր Աթոռի կողմից, բայց իրավաբանորեն ձևակերպված չեն: Այս օրենքը հնարավորություն է տալիս շտկել իրավիճակը այս դաշտում», – հավելել է Տիգրան Սարգսյանը: