Home / Հայաստան / Հայաստանյան փորձագետները դժգոհ են այն իրողությունից, որ հանդիպեցին Թուրքիայում

Հայաստանյան փորձագետները դժգոհ են այն իրողությունից, որ հանդիպեցին Թուրքիայում

Նախորդ շաբաթ Ստամբուլում «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը. վերակենդանացման հեռանկարները» թեմայով երկօրյա սեմինարներ են տեղի ունեցել, որին մասնակցել են մոտ երեք տասնյակ հայտնի փորձագետներ և գիտնականներ ինչպես Թուրքիայից և Հայաստանից, այնպես էլ աշխարհի այլ երկրներից:

Սեմինարները նպատակ ունեին քննելու երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը ինչպես միջկառավարական, այնպես էլ քաղաքացիական հասարակության հարթություններում: Բացի դա, մասնակիցները պետք է վերլուծեին հարաբերությունների նորմալացման ներկայիս իրավիճակը` հետազոտելով կողմերի դիրքորոշումները և տարածաշրջանային և միջազգային իրականության համատեքստում:

Ի դեպ, միջոցառումը համընկել է Թուրքիայի Հանրապետության հռչակման (հոկտեմբերի 29) օրվա հետ:

Հայաստանից սեմինարներին մասնակցում էին ռազմական և քաղաքական վերլուծաբան, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, Հայաստանի «Կովկասի Ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Մարդու Իրավունքների և կոնֆլիկտների ուսումնասիրության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արմեն Մելքոնյանը, «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Թուրքական IMC հեռուստաալիքի խմբագիր Արիս Նալչիի հետ զրույցում միջոցառման մասին իր տպավորություններով և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ իր կարծիքն է կիսել Ռիչարդ Կիրակոսյանը, ով ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը որոշակի առումով հիասթափված է եղել սեմինարներից հետո:

Նա բացատրել է այդ փաստը նրանով, որ թեև միջոցառումը կազմակերպվել էր Անկարայի երկու առաջատար բուհերի առաջարկով, ֆինանսավորվում էր Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից և անցկացման հիմնական նպատակը հարաբերությունների վերակենդանացման համար նոր ուղիներ որոնելն էր, այդուհանդերձ արդյունքում պարզ է դարձել, որ վերահաստատվել են Թուրքիայում երկու տարբեր իրողությունների գոյությունը:

Ըստ Կիրակոսյանի, առաջին իրողությունն այն է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը այլևս առաջնային խնդիր չէ Թուրքիայի համար:

Երկրորդ իրողությունն այն է, որ Թուրքիան կրկին փորձում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը դնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հիմքում, չնայած այն հանգամանքին, որ և’ ԱՄՆ-ն, և’ Ռուսաստանը, և’ Եվրամիությունը պարզորոշ կերպով հասկացրել են, որ արձանագրությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հիմնախնդրի հետ, քանի որ այս երկու խնդիրները միմյանց հետ կապելը լավագույն դեպքում անօգուտ է, վատագույն դեպքում` անազնիվ:

«Այսինքն մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավական անազնիվ և անպատրաստ զրուցակից է Հայաստանի համար», – մեկնաբանել է Կիրակոսյանը:

Փորձագետը նշել է, որ ցավում է այս իրողության համար, քանի որ «մենք հնարավորության պատուհան ունեինք, որն այժմ փակվում է»:

Նա նշել է, որ այժմ բոլոր սպասելիքները Թուրքիայի հետ են կապված, քանի որ Հայաստանն իր կողմից արել է ամեն ինչ, ինչ կարող էր, անգամ ավելին:

Կիրակոսյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում ընդգծել է Ադրբեջանի դերը` նշելով, որ այն մեծ ազդեցություն ունի Թուրքիայի վրա: Փորձագետի խոսքով` դա նաև խնդիր է դարձել Թուրքիայի համար, քանի որ, բացի Ցեղասպանության հարցից, այն նաև ստիպված է ղարաբաղյան հիմնախնդրի հետ առնչվել: Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանը Թուրքիայի ներքին քաղաքական խնդիրն է դարձել:

Խոսելով քննարկումների արդյունավետության մասին` Կիրակոսյանը նշել է, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ դրանք հիմք են նախապատրաստում հետագայում պետական մակարդակով դիվանագիտական հարաբերությունների համար:

«Մենք փորձում ենք շտկել արձանագրությունների թերությունները, իսկ այդ թերություններից մեկն այն էր, որ ոչ Հայաստանը և ոչ էլ Թուրքիան չէին պատրաստել հանրությանը հարաբերությունների կարգավորմանը», – ասել է փորձագետը:

Արիս Նալչիի այն հարցին, թե ինչ հետագա քայլեր է  հայկական կողմը նախապատրաստում, Կիրակոսյանն ասել է.

«Հաջորդ քայլով մենք շարունակելու ենք ճնշում գործադրել թուրքական կողմի վրա, և հայ հանրությանն էլ դեպի առաջ քայլ կատարելու պատրաստ և ցանկությունով լի ենք պահելու: Մյուս կողմից փորձելու ենք կապ պահպանել քաղաքացիական հասարակությունների միջև: Միայն այն փաստը, որ մենք այցելում ենք միմյանց երկրներ, Հայոց Ցեղասպանության հարցն էլ այլևս տաբու չէ Թուրքիայում, նշանակում է, որ առաջընթաց կա», – պարզաբանել է փորձագետը:

Հարցազրուցավարի այն հարցին, ինչպիսին կլինի Հայաստանի քաղաքականությունը, եթե ի վերջո Թուրքիան չպատասխանի հայկական կողմի քայլերին, Կիրակոսյանը պատասխանել է.

«Ինձ որպես քաղաքացիական հասարակության մի մաս անհանգստացնում է այն, որ Թուրքիան մոռանում է, որ հայերի համբերությունն էլ սահմաններ ունի և հայկական կողմից մի կողմ դրված նախապայմանների քաղաքականությունն առանց թուրքական կողմից հավասարազոր քայլերի, վտանգավոր քաղաքականություն է: Եվ այն իսկական ճնշումը, որին Թուրքիան բախվում է` 2015 թվականն է `Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես անհանսգտացած եմ, որ եթե Թուրքիան մինչ այդ ժամկետը որևէ քայլ չանի դեպի առաջ, հաջորդ անգամ, երբ մենք փորձենք կարգավորել հարաբերությունները, ամեն ինչ շատ ավելի բարդ կլինի»: