ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) համագումարին:
Նա նշել է, որ համագումարը շատ լավ առիթ է ամփոփելու և գնահատելու արածը, սակայն, Սարգսյանի խոսքով, առավել կարևոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձևակերպումները:
«Մեր նպատակը կազմակերպված և իր ուժերին վստահ հասարակության կայացումն է, որի կենտրոնում մարդն է: Մենք պետք է դառնանք հասարակություն, որը լավագույն պայմաններ է ստեղծում յուրաքանչյուր անհատի ստեղծագործական կարողությունները բացահայտելու համար: Սա մնայուն նպատակ է, որովհետև մեր ամեն մի ձեռքբերում նոր պահանջներ է առաջադրելու: Դա բնական է և հենց դա է առաջընթացի քարշիչ ուժը:
Ինչպե՞ս ավելի արագացնել մեր շարժումն այդ նպատակի իրագործման ուղղությամբ` ավելի մեծ քայլերով մարդկանց համար ապահովելով արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք, ինքնադրսևորման լիակատար ազատություն: Այս գործում բոլոր կարող ուժերի ներդրումը կարևոր է, յուրաքանչյուրի դերը` բացառիկ: Գործարարին է վերապահված ռեսուրսները համախմբելու և նոր արժեք ստեղծելու առաքելությունը: Գործարարը ներդնում է իր տաղանդը, հմտությունները, կապիտալը, դիմում է ռիսկի` ստեղծելով աշխատատեղեր, զբաղվածություն և եկամուտներ: Եվ վերջապես` ձեր համայնքին է նաև վերապահված համապատասխան ավանդույթների ձևավորման, ամրապնդման և գործարարության նոր մշակույթի կայացման խնդիրը», – ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն աշխարհի մի մասն է և կրում է գլոբալ զարգացումների հետևանքները:
«Ուստի դրանց պետք է համարժեքորեն արձագանքենք` հընթացս ուղղելով մեր ուղեգիծը: Հաջողակ կարող են լինել միայն այն երկրները, որոնք կկարողանան միավորել իրենց ազգային ներուժը, կդնեն զարգացման բարձր նշաձողեր և հետևողականորեն կաշխատեն դրանց հասնելու ուղղությամբ: Որքան էլ կարևոր լինեն բնական հանածոների պաշարները` արդի աշխարհում շատ ավելի կարևոր է կառավարման և վարքագծի արդյունավետությունը:
Այո՛, մեր հետագա տնտեսական աճի և զարգացման երկարաժամկետ երաշխիքը փոխակերպումն է:
Այո՛, մենք տնտեսական աճի և զարգացման խնդիր ունենք: Ընդ որում, այդ խնդիրն ավելին է, քան պարզապես արտադրությունների և զբաղվածության աճը: Տնտեսական զարգացումն այսօր ազգային անվտանգության նշանակություն ունի: Տնտեսական զարգացմամբ ենք միայն բարելավելու մարդու կյանքը, վերացնելու առկա բացասական երևույթները, շարունակաբար ուժեղացնելու մեր պետականությունը: Այդ խնդիրը համընդհանուր է և որևէ մեկի մենաշնորհը չէ:
Այո՛, մենք պետք է փոխվենք, որ կարողանանք մրցակցել, արտադրել, արտահանել, եկամուտներ ստեղծել, իրականացնել սոցիալական և մշակութային նոր ծրագրեր: Մենք պետք է ձևավորենք ստեղծող հասարակություն, որտեղ գերիշխում են աշխատասիրությունը, նախաձեռնողականությունը, պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, փոխադարձ վստահությունը և աշխատանքով ստեղծելու ձգտումը:
Այո՛, մենք կանգնած ենք նոր սկզբի առջև: Պատմական անհրաժեշտությունը պահանջում է փոխակերպում. պետք է փոխակերպվեն մեր պետական ծառայողը, հասարակական գործիչը, գործարարը և ընդհանուր առմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Գործարարությունը պետք է հետևողականորեն տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից: Փոխարենը պետությունը պետք է շարունակի սովորել լիարժեքորեն հարգել և ապահովել յուրաքանչյուր քաղաքացու և գործարարի շահը: Պետությունը և գործարարը պետք է հանդես գան որպես վստահելի գործընկերներ, քանի որ հակառակ դեպքում անարդյունավետ է լինելու մասնավոր ձեռներեցությանն աջակցելու որևէ ծրագրի իրագործումը», – նշել է երկրի ղեկավարը:
Նա նշել է, որ համագումարի արդյունքում ընտրվելու է միության խորհուրդ, և խնդրել է խորհրդի անդամներին բոլոր առաջարկությունները փոխանցել իրեն: